Հայաստան-Արցախ-Ադրբեջան հարաբերություններն ամբողջովին խճճվել են։ Ինչպես գիտենք, Հայաստանից մարդասիրական բեռներ են ուղարկվել Արցախի ժողովրդին, սակայն այս ողջ գործընթացն առաջացրել է Ադրբեջանի դժգոհությունը։ Հայաստանյան երիտիշխանությունները փաստացիորեն խոստովանում են, որ իրենց ոչ ադեկվատ քաղաքականության արդյունքում Արցախն իր բնակչությամբ ամբողջությամբ հանձնել են Ադրբեջանին։
Եթե դիտարկենք ռազմական միջոցներով հարցի լուծումը, ապա այս հարցում Հայաստանը միայնակ է, և դժվար կլինի դիմակայել Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան-Իսրայել և ահաբեկիչներ նոր հարձակմանը, որի արդյունքում տարածաշրջանը կմտնի հակամարտության լրիվ նոր հարթություն՝ ՀՀ համար ծանրագույն հետևանքներով։ Հետևաբար, այս փուլում պետք է գործել առավել խելամիտ, որը թույլ կտա առաջին հերթին լուծել հումանիտար ճգնաժամի խնդիրն Արցախում և հայաթափության հնարավոր վտանգները։
Շեղվելով այս հրատապ թեմայից՝ ներկայացնենք այն մարդասիրական օգնությունը, որը ստանում է հենց Հայաստանի Հանրապետությունը։
2023թ.-ի հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնության ծավալները 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են մոտ 86%-ով՝ կազմելով 7,177․3 հազ․ դոլար։ Մարդասիրական օգնությունը Հայաստան է ուղղարկվել տարբեր երկրների կողմից.
Նկատենք, որ ԱՊՀ երկրներից զգալի է Ուկրաինայի կողմից տրվող մարդասիրական օգնությունը։ Վերջինիս մասնաբաժինը, սակայն, կազմում է ընդամենը 0,3%:
Հայաստանին զգալի մարդասիրական օգնություն են տրամադրում ԵՄ երկրները։ Այստեղ հարկավոր է հիշատակել Ֆրանսիան, որի մասնաբաժինը կազմել է 12,3%: Ֆրանսիայի կողմից ուղարկված մարդասիրական օգնության ծավալները 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 41,1%-ով։
Զգալի է ԱՄՆ կողմից ուղարկված մարդասիրական օգնության ծավալների մասնաբաժինը, որը կազմել է մոտ 12 %։ Այս ծավալները 2022թ-ի հունվար-մայիսի համեմատ կրճատվել են մոտ 95%-ով։
Մարդասիրական օգնության ծավալներով առանձնանում է Չինաստանը, որի մասնաբաժինը կազմում է 9,9%։ Այս ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 46%–ով։
2023թ․-ի հունվար-մայիսին 2022թ․-ի նույն ժամանակահատվածի համեմատ մարդասիրական օգնության ծավալների ամենամեծ աճը՝ 52,4%-ով, արձանագրվել է Նիդերլանդների մասով, սակայն վերջինիս մասնաբաժինը մարդասիրական օգնության ընդհանուր ծավալներում կազմում է 4%։
Գերմանիայից ստացված մարդասիրական օգնության ծավալների մասնաբաժինը կազմում է 9,4%՝ չնայած այդ օգնության ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 48,9%–ով։ Շվեյցարիայի պարագայում ևս դիտվել է մարդասիրական օգնության ծավալների կրճատում մոտ 69%-ով, որի պարագայում այս երկրի կողմից ուղարկված մարդասիրական օգնության ծավալների մասնաբաժինը կազմում է 9,2%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում