ԱՄՆ-ի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի «Հատուկ ցուցակված անձանց» ցանկում մի շարք ռուսական կազմակերպությունների հետ միասին ներառվել է նաև «Յունիսթրիմ Բանկ» ՓԲԸ-ն, որը «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի օպերատորն է: Ստեղծված իրավիճակում ՀՀ առևտրային բանկերը ինքնուրույն են որոշում, թե ինչպես են շարունակելու համագործակցությունը «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի հետ՝ ելնելով իրենց պայմանագրային պարտավորություններից և ռիսկերի կառավարման իրենց քաղաքականությունից: Այս մասին նշում է Կենտրոնական բանկը՝ պատասխանելով Banksnews.am-ի հարցին, թե որն է պատճառը, որ ՀՀ որոշ բանկեր հրաժարվում են Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ որոշ բանկեր՝ «Արդշինբանկը», «Կոնվերս Բանկը» և «Ինեկոբանկը» հայտնել են Unistream արագ փոխանցումների համակարգի սպասարկումը դադարեցնելու մասին։
Կենտրոնական բանկին նաև հարց էինք ուղղել․ ի՞նչ ռիսկեր սա կարող է ստեղծել ՀՀ ֆինանսական համակարգի և ՀՀ քաղաքացիների համար։
«Ֆինանսական համակարգի հնարավոր ռիսկերի հարցի մասով նշենք, որ ռիսկերը չեն վերաբերում ֆինանսական համակարգին: ՀՀ առևտրային բանկերը պարտավոր են իրենց ռիսկերը կառավարել այնպես, որ ապահովեն իրենց հաճախորդների սպասարկման անընդհատությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ապա ԿԲ գնահատականների համաձայն՝ «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգի միջոցով փոխանցումների դադարեցումը կարող է հանգեցնել որոշ անհարմարությունների այն քաղաքացիների համար, ովքեր օգտվում էին այս համակարգի ծառայություններից, սակայն բանկերը և վճարահաշվարկային կազմակերպությունները սպասարկում են այլ համակարգեր ևս, որոնք, որպես այլընտրանք, կարող են փոխարինել «Յունիսթրիմ» արագ դրամական փոխանցման համակարգին»,- նշված է ԿԲ խատասխանում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում