ԱրարատԲանկի աջակցությամբ նկարահանված՝ ռեժիսոր Վահե Սուքիասյանի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմը ԱրարատԲանկը երաշխավորության է ներկայացրել ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ հիմնադրամ այն բանից հետո, երբ ֆիլմը ցուցադրվեց մի քանի տասնյակ դպրոցներում և բազում դրական արձագանքներ ստացվեցին ուսուցիչներից և աշակերտներից։ Հենց այդ կառույցն էլ ուսումնասիրելով ֆիլմը ԱրարատԲանկին առաջարկել է ֆիլմի օրինակով մշակել ուսումնամեթոդական ձեռնարկ։ «Ե′վ ֆիլմի, և′ ձեռնարկի թիրախում բարձր դասարանների երեխաներն են»,- նշում է ուղեցույցի հեղինակը, ընդգծում՝ ողջունելի է, որ «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմը ցուցադրվել է նաև Ռուսաստանում և Բելգիայում։
45 րոպեների ընթացքում հայտնի դերասանները ներկայացնում են հայոց պատմության 5 դրվագներ, որոնք սկսվում են պարտություններով և ավարտվում փառահեղ հաղթանակներով, և որտեղ ցույց է տրվում, թե ինչպես կարելի է պարտությունը վերածել հաղթանակի։ Ի դեպ, այդ 5 դրվագները շատ նման են 2020թ․-ի իրադարձություններին։ ԱրարատԲանկի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը համոզված է՝ այս ուղեցույցը ժամանակակից մեթոդներով՝ ինտերակտիվ խաղերով, անիմացիաներով, քննարկումներով և բազմաթիվ այլ եղանակներով աշակերտներին հայոց պատմության դրվագները յուրացնելու հնարավորություն է տալու։ Աննա Ալլահվերդյանի խոսքով՝ այս ծրագիրը ԱրարատԲանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր քայլերից է, և որ բանկը ո՛չ ֆիլմից, և ո՛չ էլ ուղեցույցից որևէ շահույթ չունի։
Ուսումնամեթոդական ձեռնարկի շնորհանդեսը Վազգեն Առաջինի անվան դպրոցում է, ներկա են նաև սփյուռքից ուսուցիչներ։ Ասում են՝ Հայաստանից հեռու՝ օտար հողում, այլ լեզուներով, համակարգով կրթվող երեխաներն առավել քան երբևէ կարիք ունեն հայեցի դաստիարակության։
Պատմության փառահեղ ու քաոսային էջերը ներկայացնող նմանօրինակ ձեռնարկներ պետք է ավելի մեծ թափով մտնեն դպրոցներ, նաև այլ առարկաների համար, քանի որ տեխնոդարի երեխաներին պետք է կրթել ժամանակակից լուծումներով։ ԱրարատԲանկը պատրաստ է անել ամեն հնարավորը, որ նոր սերունդը փայլուն կրթություն ստանա։
Մանրամասները՝ տեսանյութում
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում