Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով «Մուլտի գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանին, կնոջը` Վարդիթեր Խաչատրյանին և որդուն` Գարիկ Առուստամյանին հրավիրել են Գլխավոր դատախազություն, տեղեկանում ենք azdarar.am կայքից։
«Ղեկավարվելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 16-րդ և 17-րդ հոդվածներով ծանուցում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– նշված է ծանուցագրում։
Առուստամյանի ընտանիքի անդամներն իրավունք ունեն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն ՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր:
Սեդրակ Առուստամյանը, կինն ու որդին պետք է դատախազություն ներկայանան օգոստոսի 3-ին։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանին մեղադրանք է առաջադրվել նախկին Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրողներին կաշառք տալը)։ 2023 թվականի ապրիլի 21-ին հսկող դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում