Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է ռուսաստանյան Ozon ընկերության ղեկավարությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Ռուսաստանի Դաշնության առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն, «Հայփոստ» ՓԲԸ-ի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներ, հայտնում են նախարարությունից։
Ozon-ը Ռուսաստանի էլեկտրոնային առևտրի առաջատար ընկերություններից է, որի հարթակում այժմ ներկայացված են առավել քան 250 հազար ձեռներեցներ, որոնք մարքեթփլեյսի միջոցով առաջարկում են մոտ 200 մլն ապրանքատեսակներ։
Ընկերությունն ակտիվորեն զարգանում է Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Հանրապետությունների շուկաներում, այժմ նախատեսում է զարգացնել լոգիստիկ ենթակառուցվածքները և ընդլայնել իր ներկայությունը Հայաստանի շուկայում։
Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել ընկերությանը Հայաստանի շուկայում արդյունավետ գործունեություն իրականացնելու հարցում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում