«Գյուղի բժիշկը բենզին է ուզում՝գնա հիվանդների մոտ, չկա, ասում են՝ կտանք մենակ, երբ մարդ մահանա». Արցախի բնակիչ

20 Հուլիսի, 2023
3 Min Read

Շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում իրավիճակը օր օրի էլ ավելի է սրվում։ Խանութներում սնունդ գտնելը գրեթե անհնար է, եղածն էլ մի քանի անգամ ավելի թանկ։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Նորշեն գյուղի բնակիչներից մեկը։

«Խանութներում այս պահին ապրանք չկա, եղած ժամանակ էլ` մի քանի անգամ ավելի թանկ է: Հասարակ օրինակ՝ թազա կարտոշկան, երբ նոր էր դուրս եկել, էստեղ 6000 դրամ էր, հիմա ով աճեցնում է, վաճառում է կգ-ը 500 դրամով։ Պոմիդորը 2500 դրամ է, վարունգի 1 կգ-ն 1500 դրամ, լոբին՝ 1000 դրամ։ Մսամթերքը թանկ՝ 4500-5000 դրամ, անասուններին ճարահատյալ են մորթում, որովհետև կեր չեն ունենում, որ կերակրեն։ Այս պահին խանութներում ոչինչ չկա, որ կարողանաս առնես։ Քաղցրից ոչինչ չկա, որ առնես, էրեխեքը քաղցր ուտեն։  Այսօր օգնություն են բերել՝ 0,5 կգ շաքարավազ, ձեթ»,- նշում է բնակիչը։

Նորշեն գյուղն ունի 350 բնակիչ, 69 երեխաներ են։ Հոսանքը ժամով են ունենում, գազ արդեն մի քանի ամիս է՝ չունեն, ջուրը՝ օրական մի քանի ժամով բարակ կաթոցներով, դժվարությամբ են կարողանում հավաքել։ Լուրջ  խնդիր է վառելիքի սղությունը։

«Անգամ գյուղի բժիշկը բենզին է ուզում, որ գնա հիվանդների մոտ, չկա, չեն տալիս, ասում են՝ մենակ երբ մարդ մահանա, կարողա 1-2 լիտր տան, որ դիակը հասցնեն գերեզման։ Կրակոցներ այս պահին չկան, բայց վերջին դեպքի զոհերից մեկը մեր համայնքում է եղել։

էրեխեքը սոված են, շատերը մտածում են ճանապարհը բացվի, գնան, շատերը չեն ուզում գնան, ճարահատյալ պիտի գնան․ վախենում են բացվելուց հետո էլի փակվի։ Տխուր, ընկճված են, բայց պայքարի մեջ են»։

Բնակչի խոսքով` գումար կանխիկացնելը ևս խնդիր է․ կա՛մ գյուղերում բանկոմատ չկա, կա՛մ դատարկ է։

«Բանկերից մի քիչ դժվար է գումար հանելը, նախ առձեռն են տալիս, «Արցախը» բանկը, այսօր լսեցի` 100 հազարից ավելի չի տալիս։ Բանկոմատները հիմնականում դատարկ են լինում։ Օրինակ` ես այս քանի ամիս է, որ աշխատավարձ պիտի ստանամ, գյուղում ով ուզում է, փոխանցում եմ, իրենք առձեռն տալիս են, կամ խանութում, եթե պարտք եմ լինում, տիրոջն եմ փոխանցում, այս տեսակով ենք կանխիկացնում, որովհետև էստեղ բանկոմատ չկա, իսկ քաղաք գնալը խնդիր է, վառելիք ընդհանրապես չկա, 2 ամսից ավելի է չեմ կարողանում գյուղից դուրս գալ»,- պատմում է Նորշենի բնակիչը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը փակեց Հայաստանը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որը, ըստ Նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրի, պետք է ապահովեր Արցախի քաղաքացիների ազատ ելումուտը։ Հունիսից արդեն Ադրբեջանն արգելեց հումանիտար օգնության համար բեռների տեղափոխումը։ Արցախը հայտնվեց լիակատար բլոկադայի մեջ՝ կտրված մնալով ամբողջ աշխարհից։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
1 Comment