ՀՀ արդարադատության նախարարի կողմից վերջերս ԱԺ է ներկայացվել նախագիծ, որով առաջարկվում է անձին ազատել պատասխանատվությունից, եթե նա առաջին անգամ է հանցանք գործել։ Իհարկե, ՀՀ արդարադատության նախարարը հստակեցնում է, որ խոսքն այն հանցագործների մասին է, ում հանցանքը ոչ մեծ կամ միջին ծանրության է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը։
Այս օրենքը բավականին բացասական արձագանք է գտել հանրության շրջանում։ Մարդկանց մոտ կան մտավախություններ, որ այս քայլը թույլ կտա որոշ հանցագործների իրապես ազատվել պատասխանատվությունից։ Այս օրենքը կարող է գործել այն երկրում, որտեղ պետական ինստիտուտներն իդեալական են աշխատում։ Ցավոք, Հայաստանը չես դասի այդ երկրների շարքին: Եվ հարց է առաջանում. արդյոք միշտ ճշգրտորեն կտարանջատվեն միջին ծանրության և ծանր հանցանքները։ Արդյունքում չի բացառվում՝ ազատության մեջ հայտնվեն իրենցից վտանգ ներկայացնող մարդիկ։
Արձանագրենք, որ հանրապետությունում 2023թ-ի հունվար-մայիս ժամանակահատվածում 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ հանցագործությունների թվաքանակը աճել է 18%-ով՝ կազմելով 16,350 միավոր։
Այս առումով խիստ անհանգստացնող է այն փաստը, որ 2023թ-ի հունվար-մայիսին 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 6 անգամ աճել են առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակը, որը կազմել է 924 միավոր։
Ոչ մեծ ծանության հանցագործությունների թվաքանակը 2023թ-ի հունվար-մայիսին կազմել է 7,567 միավոր։ Վերջինս 2022թ-ի հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 8%-ով։
57%-ով աճել են միջին ծանրության հանցագործությունները, որոնց թվաքանակը 2023թ-ի հունվար-մայիսին կազմել է 5,605 միավոր։
Եվ, վերջապես 2023թ-ի հունվար-մայիսին 2022թ-ի հունվար-մայիսի համեմատ 17%-ով աճել է ծանր հանցագործությունների թվաքանակը՝ կազմելով 2,254 միավոր։
Պատկերն իրապես մտահոգիչ է։ Անդրադառնանք իրավիճակին՝ Երևանի և ՀՀ մարզերի կտրվածքով․

Հաշվարկները ցույց են տալիս, որ Երևանում արձանագրված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների մասնաբաժինները մայրաքաղաքում արձանագրված ընդհանուր հանցագործությունների թվաքանակում կազմել են համապատասխանաբար 15% և 7%։
Առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակի առավելագույն մասնաբաժին արձանագրվել է Վայոց Ձորում՝ 30%։
Սյունիքում և Տավուշում արձանագրված հանցագործությունների ընդհանուր թվաքանակում առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակի մասնաբաժինը կազմել է համապատասխանաբար 15% և 12%։
Առանձնապես ծանր հանցագործությունների թվաքանակն աճել է. թվերն ավելի քան մտահոգիչ են
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում