ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև բնական գազի առաքման համաձայնագրում փոփոխություն կարվի

1 Min Read

«Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՀՀ բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ 2013 թ դեկտեմբերի 2-ի համաձայնագրում» փոփոխություններ կկատարվեն։ Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ Կառավարության հերթական նիստում։

Նախագիծը կառավարության հաստատմանն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Արձանագրությամբ համաձայնագրում «նավթային գուդրոն» բառերը փոխարինվել են «նավթային բիտում» բառերով։

Այս փոփոխության կատարման անհրաժեշտությունը, կառավարության հիմնավորվմամբ, պայմանավորված է նրանով, որ երկրի տնտեսական զարգացման ու անվտանգության ապահովման համար ՀՀ-ում իրականացվում են լայնածավալ ճանապարհաշինարարական ծրագրեր՝ միտված ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանը:

«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ճանապարհաշինարարության ոլորտում էականորեն աճել է բիտումի սպառման պահանջարկը, որից ելնելով էլ անհրաժեշտություն է առաջացել ընդլայնել նավթային բիտումի ներկրման ծավալները ՀՀ՝ առանց մաքսատուրքի գանձման ռեժիմի»,– մասնավորապես նշված է կառավարության հիմնավորման մեջ։

Կիսվեք այս հոդվածով