Տեքստիլ թափոնը՝ բնապահպանական սպառնալիք. Որքան հագուստ է դեն նետվում ամեն տարի

2 Min Read

Եվրոպացի միջին վիճակագրական բնակիչն ամեն տարի դեն է նետում ավելի քան 15 կգ հագուստ։ Ըստ հաշվարկների՝ 2030 թվականին այս ցուցանիշը կգերազանցի 20 կգ-ը մեկ անձի համար, գրում է Forbes.ru-ն։

Չնայած համաշխարհային բնապահպանական միտումներին և դրանց հետևելու նորաձևության արդյունաբերության փորձերին՝ աշխարհում տեքստիլ թափոնների 1%-ից պակասն է վերամշակվում:

H&M-ն առաջին խոշոր մանրածախ վաճառողն էր, որն իր խանութներում գործարկեց թափոնի հավաքման ծրագիր: Ընկերությունը խանութների ցանցերից մեկում հաջորդ գնումների դեպքում առաջարկում է վերադարձված հագուստի կտրոններ 15% զեղչով։

2013 թվականին՝ ծրագրի մեկնարկից ի վեր, H&M-ը հավաքել է ավելի քան 140,000 տոննա հագուստ ամբողջ աշխարհում: Միայն 10%-ն է վերամշակվում։ Մնացածը գնում է զարգացող երկրներ, որտեղ դրանց վերջին կանգառը, այնուամենայնիվ, աղբավայրերերն են:

H&M գաղափարի քննադատները կարծում են, որ այս նախաձեռնությունը ոչ միայն բնապահպանական պատասխանատվության քայլ է, այլ նաև մարքեթինգային գործիք: FairWertung առևտրային ասոցիացիայի տնօրեն Անդրեաս Ֆոգեթը կարծում է, որ հին իրերի ընդունման արշավներն ուղղված են հաճախորդների ներգրավմանը և նոր ապրանքների վաճառքի ավելացմանը։ Եկամտի աղբյուր կարող է լինել նաև հին իրերի ընդունումը։

Գերմանական Կարմիր խաչի ներկայացուցիչ Դիտեր Շյուցը նշում է, որ Գերմանիան տարեկան կուտակում է մոտ մեկ միլիոն տոննա անցանկալի հագուստ, իսկ մեկ տոննա տեքստիլն արժե մոտ 250 եվրո։

Իսկ Bloomberg-ը հայտնում է, որ նորաձևության արդյունաբերությունը վերամշակում է բոլոր արտադրված ապրանքների ընդամենը մեկ տոկոսը: Օրինակ՝ Գանայի մայրաքաղաք Աքրայում տարեկան կուտակվում է ավելի քան 15 միլիոն հագուստ, որոնց 40%-ն ուղարկվում է աղբավայրեր։ Սա, ի թիվս այլ բաների, պայմանավորված է տեքստիլի չափազանց ցածր որակով:

Ըստ McKinsey-ի փորձագետ Կարլ-Հենդրիկ Մագնուսի՝ տեքստիլի վերամշակումը կարող է ստեղծել 15000 նոր շրջանաձև տնտեսության աշխատատեղ ամբողջ Եվրոպայում: Վերամշակված արտադրանքի վաճառքի ծավալը կարող է հասնել 8 միլիարդ եվրոյի, սակայն գործընթացը զգալիորեն դանդաղում է տեսակավորման միջոցով։ Հին հագուստից պետք է հեռացնել կոճակներն ու կայծակաճարմանդները, իսկ թափոնները պետք է առանձնացնել՝ ըստ մանրաթելի որակի և դրա բաղադրության։ Խառը մանրաթելերը դեռևս չլուծված խնդիր են վերամշակման համար:

Forbesի հոդվածում ընդգծվում է՝ հիմնական խնդիրը հագուստի չափազանց արագ և չափազանց մեծ սպառումն է:

Կարդացեք նաև

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով