Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրել է խանութներում ներկայացված շուրջ 80 ակցիաներ, այդ թվում՝ զեղչեր, որի արդյունքում հարուցվել է 35 վարույթ: Տեղեկությունը հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վարույթներից 34-ն ավարտվել է, 1-ը դեռևս ընթացքում է:
«Ավարտված 34 վարույթներով պատասխանող տնտեսավարող սուբյեկտներից 31-ը ընդունել են իրենց վերագրվող իրավախախտումների փաստը, որից 15-ը միջնորդել են կիրառել արագացված վարույթներ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընդունված որոշումների արդյունքում ընդհանուր նշանակվել է շուրջ 86,2 մլն դրամի տուգանք և 15 նախազգուշացում։
24 ակցիաների, այդ թվում՝ զեղչերի առնչությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել, կամ դրանք ունեցել են նվազ կարևորություն: