Չիկագոյի ապրանքային բորսայում ցորենի սեպտեմբեր ամսվա ֆյուչերսի արժեքը սակարկությունների ընթացքում ավելի քան 3%-ով աճել է, հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտարարեց «հացահատիկի գործարքի» երկարաձգումից հրաժարվելու մասին։
Բորսայի տվյալներով՝ Երևանի ժամանակով ժամը 13:01-ի դրությամբցորենի գներն աճել են 3,02%-ով՝ մեկ բուշելի (35,2 լիտր) դիմաց մինչև 6,82 դոլար: Երևանի ժամանակով ժամը 13:14-ին ցորենի ֆյուչերսը թանկացել է 3,37%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց 6,84 դոլարի։ Միևնույն ժամանակ, եգիպտացորենի` 2023 թվականի դեկտեմբերի մատակարարման ֆյուչերսի արժեքն աճել է 2,31%-ով՝ հասնելով մեկ բուշելի դիմաց մինչև 5,26 դոլարի:
Սևծովյան հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Գործարքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Վերջին երկարաձգումից հետո ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։
Ռուսական կողմը հրաժարվել է երկարաձգել գործարքի ժամկետը նշելով, որ չեն կատարվել ռուսական կողմի նկատմամբ ստանձնած պարտավորությունները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում