Հացահատիկային գործարքից դուրս գալը թանկ կարժենա Ռուսաստանի համար․ Սալիվան

1 Min Read

Եթե Ռուսաստանը հրաժարվի երկարաձգել հացահատիկային գործարքը, մնացյալ աշխարհը կասի, որ Ռուսաստանը երես է թեքել գլոբալ Հարավի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներին մատչելի գնով անհրաժեշտ ապրանքներով ապահովելուց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը CBS News-ի Face the Nation հաղորդման ժամանակ, հաղորդում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, Սալիվանը հրաժարվել է միանշանակ կանխատեսում անել հացահատիկային գործարքի ճակատագրի վերաբերյալ։

«Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը։ Վերջին մի քանի ամիսներին նա ամենատարբեր դատողություններն է արել այս հարցի վերաբերյալ։ Հնարավոր է՝ Ռուսաստանը դուրս գա համաձայնագրից, հնարավոր է՝ երկարաձգի»,- նշել է նա։

Սալիվանի կարծիքով՝ հրաժարվելու դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի «հսկայական դիվանագիտական գին» վճարել։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած սցենարի և սերտ համագործակցում է ուկրաինական կողմի հետ այդ հարցի շուրջ։

Սևծովյան հացահատիկային գործարքը կնքվել է 2022 թվականի հուլիսի 22-ին ՄԱԿ-ի, Թուրքիայի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև՝ Սև ծովի Ուկրաինայի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանման համար։ Գործարքն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Վերջին երկարաձգումից հետո ժամկետը լրանում է հուլիսի 17-ին։

Share This Article