Երևանում այս տարի ավելի քան 40 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Շուրջ 24 կմ-ն արդեն պատրաստ է։
«25 կմ-ն անցկացվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից, 16.3 կմ-ն՝ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության ուժերով: Նախատեսված է նաև նոր ջրագծերի անցկացում դեպի Աջափնյակ և Դավթաշեն»,-նշում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Գործող ջրագծերի մեծ մասը վթարված է, ջուրը հասցեներ չի հասնում: Ոռոգման նոր համակարգեր են անցկացվում զբոսայգիներում, փողոցների ու ճանապարհների հարակից հատվածներում: Բակերի բարեկարգմանը զուգահեռ՝ ոռոգման ջուրն դրանց կհասնի խողովակներով:
«Բակային տարածքների մոտ 90 տոկոսում ոռոգման համակարգ առհասարակ գոյություն չունի»,-ասում է Ա. Բեգոյանը:
Մետաղական հնամաշ ու վթարված խողովակները փոխարինվում են, տեղադրվում է նոր՝ անձրևացնող համակարգ: Սա խոռածածկ ստեղծելու լավագույն տարբերակն է: Որոշ հատվածներում կլինի նաև կաթիլային ոռոգում: «70 տարվա խողովակներ էին, մշտապես վթարվում էին»,- նշում են ՀՈԱԿ-ի աշխատակիցները:
Տեղադրվում են նոր պոլիէթիլենային խողովակներ, իսկ այն հատվածներում, որտեղ հատում են փողոցները, դրանք երկաթյա խողովակների միջով ենք անցկացնում, որը երկարեցնում է պոլիէթիլենայինների շահագործման ժամկետը:
Միաժամանակ վերանորոգվում ու կառուցվում են պոմպակայաններ՝ անխափան ջրամատակարարում ապահովելու նպատակով:
Ոռոգման նոր համակարգերը հնարավորություն կտան վերականգնելու նախկին կանաչապատ տարածքները, նաև այդպիսի նոր գոտիներ հիմնելու հնարավորություն են: Քաղաքի կանաչ զանգվածն այս տարի կավելանա շուրջ 20 հա-ով, ինչը կարևոր է նաև քաղաքի բնապահպանական խնդիրները լուծելու տեսակետից:
«Ոռոգման համակարգը կանաչապատման առաջնային պայմանն է: Մենք հենց հիմա էլ կարող ենք հազարավոր ծառեր տնկել Երևանում, բայց մեզ մոտ այլևս ոչ մի թուփ չի տնկվում, քանի դեռ լուծված չէ ոռոգման խնդիրը»,-շեշտում է Արմեն Բեգոյանը:
Հաջորդ տարի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը մտադիր է ոռոգման համարգերն ընդլայնել ավելի մեծ ծավալով:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում