ՎԿ-ն հրապարակել է 2023թ-ի հունիսին արձանագրված գնաճին վերաբերող վիճակագրությունը: Ինչպես նշել էինք մեր նախորդ վերլուծությունում, գների սեզոնային անկումը շարունակվում է:
Այս առումով հետաքրքիր է որոշակի պատմական անցում կատարել և ուսումնասիրել 2017-2023թթ-երի հունիսին գների մակարդակի փոփոխությունը նախորդ տարվա նույն ամսվա և նախորդ ամսվա համեմատ.
Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի հունիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների անկում է արձանագրվել 0,5%-ով, իսկ նախորդ ամսվա համեմատ գների անկում է դիտվել 1,4%-ով։
Նկատենք, որ 2023թ-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրված գների անկումն առաջինն է 2017-2023թթ ժամանակահատվածում։ Նույնիսկ 2018թ-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ ունեցել ենք 0,9% գնաճ։
Գծապատկերից նկատում ենք նաև, որ 2022թ․-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ գնաճը կազմել է 10,3%։
Անցնենք առաջ. 2023թ-ի հունիսին նախորդ ամսվա համեմատ արձանագրված գնանկումը բացառիկ երևույթ չէ։ Փաստացի վերադարձել ենք 2020թ-ի հունիսի ցուցանիշին, երբ նախրոդ ամսվա համեմատ գնանկում է արձանագրվել 1,4%-ով։
2017-2021թթ-երի բոլոր հունիսիներին մայիսի համեմատ ունեցել ենք գնանկում։ Ընթերցողներին հիշեցնենք, որ սույն տարվա հունվար և փետրվար ամիսներին գնաճը կազմում էր 8.1%:
Դիտարկենք գների մակարդակի փոփոխությունը 2023թ-ի հունիսին 2022թ-ի հունիսի և 2023թ-ի մայիսի համեմատ՝ ըստ տարբեր ապրանքախմբերի.
Եվ այսպես, ըստ Գծապատկեր 2-ի՝ 2023թ-ի հունիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների անկմամբ հետևյալ պատկերն է.
առաջին հորիզոնականում է հայտնվել սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտը՝ 5,5%-ով
երկրորդ հորիզոնականում է տրանսպորտի ոլորտը, որտեղ գները նվազել են 3.9%-ով
երրորդ տեղում է կապի ոլորտը, որտեղ գների անկումը կազմել է 0.2%
Մյուս կողմից 2023թ-ի հունիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների ամենամեծ աճը դիտվել է՝
ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ ոլորտում՝ 8.6%
ռեստորաններ և հյուրանոցներ, ինչպես նաև տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանի ընթացիկ սպասարկում ոլորտներում՝6.6%
կրթության ոլորտում, որտեղ գնաճը գրանցել է 4.7% արդյունք
2023թ-ի հունիսին նախորդ ամսվա համեմատ գների ամենամեծ անկումն արձանագրվել է սննդամթերքի մասով՝ 3.6%-ով: Գների փոփոխություն չի դիտվել կապի և կրթության ոլորտներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում