Սևանի ափամերձ տարածքներում կստեղծվեն 4 նոր հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ներկայացնելով կառավարության համապատասխան որոշման նախագիծը։
Հանրային լողափերի ստեղծումից հետո դրանք մրցութային կարգով տրամադրվելու են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` բարեկարգման, կահավորման և սպասարկման պայմանով:
Հանրային լողափերում գործում են ու գործելու են հետևյալ անվճար ծառայությունները՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության կազմակերպում և մաքրման կայանների առկայություն։ Կապալառուն պետք է ներկայացնի նաև հեռանկարային ներդրումային և հավելյալ աշխատատեղերի ստեղծման ծրագրեր:
«Իհարկե, սպասարկող ընկերությունների կողմից կլինեն նաև վճարովի ծառայություններ։ Ունենք նաև ձևավորած այնպիսի ստանդարտներ, որպեսզի քաղաքացիների հանգիստը հանրային տարածքներում պատշաճ լինի` ծխել չի կարելի, բարձր երաժշտություն չի կարելի, ավելի ճիշտ` երաժշտությունը մի կետից է լինելու, թույլատրվում է միայն թույլ ալկոհոլային խմիչք։ Այսպիսի ստանդարտեր ունենք, որպեսզի մեր քաղաքացիները կարողանան հանրային հանգստի այդ հատվածներում մեկը մյուսին չխանգարել ու իրենց հանգիստը ճիշտ կազմակերպել»,– ասաց Սիմիդյանը։
ՇՄ նախարարը նաև հայտնեց, որ ներկայում Սևանի ափին 8 հանրային լողափ կա՝ Սևանի քաղաքային 2 լողափերը, թերակղզու լողափը, Դրախտիկի, Լճաշենի, Ծովազարդի, Նորատուսի և Ծովագյուղի հանրային լողափերը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում