ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ ՀՀ տարածքից բնական կաշվի ու չմշակված մորթու արտահանման ժամանակավոր արգելքը երկարացվել է ևս 6 ամսով` 2023 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։
2021 թվականի հունիսից գործող արգելքը հերթական անգամ երկարացնելու առաջարկը էկոնոմիկայի նախարարությունը հիմնավորում է կաշվի վերամշակման տեղական արդյունաբերության աճով ու դեռևս առկա մեծ պոտենցիալով։
Նախարարության ներկայացրած վիճակագրությամբ` միայն ս.թ. հունվարի 8-ից ապրիլի 30-ը հայաստանյան ընկերություններն ընդունել են 443 տոննա 751 կգ չմշակված տավարի կաշվի հումք, որի արդյունքում արտերկրից հումք ներմուծելու անհրաժեշտություն չի առաջացել։ Արտադրական գործընթացում աճել է նաև ընկերության աշխատակիցների թվաքանակը։ ՀՀ-ում կենդանիների մորթն ունի սեզոնային բնույթ և հունվար-ապրիլ ամիսներին իրականացվել է մոտ 400 տոննա անմշակ կաշվի մթերում և վերամշակում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում