Մի քանի օր առաջ Երևանում մեծ ուրախություն էր։ Հին տրոլեյբուսները փոխարինվեցին նորերով։ Անշուշտ, քաղաքի համար սա դրական նշանակություն ունի, քանի որ երկար տարիներ անց ի վերջո վերազինվում է քաղաքի տրոլեյբուսների պարկը։ Էլեկտրատրանսպորտի հետագա զարգացումը պետք է դառնա Երևան քաղաքի անկյունաքարային ռազմավարություններից մեկը, որն առաջին հերթին կօգնի որոշ չափով բարելավել քաղաքի էկոլոգիական վիճակը։
Ցավոք, էլեկտրատրանսպորտը կենտրոնացված է Երևանում, մինչդեռ Հայաստանի այլ խոշոր քաղաքներում ևս խրախուսելի է տրանսպորտի այս տեսակի գործարկումը։ Իհարկե, անհրաժեշտ են ֆինանսական լուրջ ներդրումներ՝ այս գաղափարը կյանքի կոչելու համար:
Տրոլեյբուսների ցանցն ընդլայնվելու է․ ուղին փոփոխվելու է․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչևէ, քաղաքացիները դրականորեն արձագանքեցին Երևանում նոր տրոլեյբուսների շահագործմանը, սակայն գիտեն արդյոք մեր քաղաքացիները, թե որքան ուղևոր է փոխադրվում էլեկտրանտրանսպորտի միջոցով և էլեկտրատրանսպորտի ո՞ր միջոցն է իր վրա կրում հիմնական ծանրաբեռնվածությունը։
Այս հարցերի պատասխանները փորձենք գտնել ստորև բերված գծապատկերում․
Նախ և առաջ նկատենք, որ ՎԿ տվյալների համաձայն, էլեկտրատրանսպորտի միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալը 2023թ․-ի առաջին եռամսյակում կազմել է 6,8 մլն մարդ։ Վերջինս 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ աճել է 18,3%-ով։ Նկատենք, որ ավելի լայն վերցրած՝ 2023թ-ի հունվար-մայիս ժամանակահատվածում, էլեկտրատրանսպորտի միջոցով իրականացված ուղևորափոխադրումների ծավալնաճել է 13%-ով՝ կազմելով մոտ 12 մլն ուղևոր։
2023թ-ի առաջին եռամսյակում էլեկտրատրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալների 84%-ը պատկանում է մետրոպոլիտենին։ Վերջինիս միջոցով փոխադրված ուղևորների թվաքանակը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 26,1%-ով։
Ուղևորափոխադրումների ծավալով երկրորդ հորիզոնականում են տրոլեյբուսները, որոնց բաժին է ընկնում էլեկտրատրասնպորտով իրականացված ուղևորափոխադրումների 14%-ը։ Տրոլեյբուսներով ուղևորափոխադրումների ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել են 1,2%-ով։
2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն եռամսյակի համեմատ ուղևորափոխադրումների ծավալների 49,8%-ով անկում է արձանագրվել ճոպանողուի մասով։ Նկատենք, որ ճոպանողուի միջոցով իրականացված ուղևորափոխադրումների մասնաբաժինը 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 2%։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում