Ավազակային հարձակում Երևանում. հափշտակվել է մոտ 80 հազար դոլար

2 Min Read

2023 թվականի հուլիսի 11-ին՝ ժամը 01:45-ին, Երևանում՝ Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ, ապա նաև հաղորդում է ստացվել՝ անհայտ անձանց կողմից բնակելի տուն ներխուժելու, բնակիչներին կապկպելու, գումար և թանկարժեք իրեր գողանալու վերաբերյալ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից։

Նախնական տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի 10-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, երկու անհայտ անձ՝ դիմակավորված, ապօրինի կերպով մուտք են գործել Երևան քաղաքի Տիտովի փողոցի տներից մեկը, կապել բնակիչ ամուսինների ձեռքերը, զենքի ցուցադրմամբ և սպառնալիքներ հնչեցնելով հափշտակել են տարբեր արտարժույթներով առանձնապես խոշոր չափերով գումարներ, ոսկյա զարդեր։ Ապա տանտիրոջը պատկանող «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով նշված անձինք դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ 2023թ. հուլիսի 11-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մասնավորապես, զննվել է դեպքի վայրը, վերցվել են ձեռքի և կենսաբանական ծագում ունեցող հետքեր, ինչպես նաև՝ առանձնատանը հայտնաբերված կպչուն ժապավեններ: Ամուսինները ճանաչվել են տուժող և հարցաքննվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տուժողին պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան անվնաս վիճակում հայտնաբերվել է Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի 16/2 հասցեի դիմաց գտնվող կանգառում: Հետագա քննչական և վարութային գործողություններ կատարելու նպատակով ավտոմեքենան տեղափոխվել է ՀՀ ոստիկանության հատուկ պահպանվող տարածք: Նշանակվել են դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատագենետիկական փորձաքննություններ։

Ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ տնից հափշտակվել է մոտ 80 հազար դոլարին համարժեք գումար ու ոսկյա զարդեր։

Կիսվեք այս հոդվածով