Shell-ը և բենզինի գները Հայաստանում

2 Min Read

Մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում, այն իրադարձությունները, որոնք կապված են ՀՀ վառելիքաէներգետիկ շուկայի հետ։ Հանրությանը տեղեկացնենք, որ այս ոլորտն առանցքային ազդեցություն ունի ՀՀ տնտեսությունում տեղի ունեցող բոլոր զարգացումների վրա։


Shell ապրանքանիշի առաջին բենզալցակայանը բացվեց Հայաստանում


Այս առումով օրերս ՀՀ բենզինի շուկա է մուտք գործել նոր խաղացող. Երևանում բացվեց Shell նավթագազային առաջին բենզալցակայանը։ Հայաստանի բենզինի շուկան այս իրադարձությանն արձանագրեց գների աճով։ Դեռևս Shell-ի առաջին բենզալցկայանի բացումից առաջ  պրեմիում տեսակի բենզինի գինը կազմում էր 330-350 դրամ, իսկ ներկայումս արդեն՝ 420450 դրամ։ Այս տարօրինակ գնային թռիչքներն իրապես նյարդայնացնում են վարորդներին, որոնք, իհարկե իրենց ավտոմեքենաները շահագործում են գազով, սակայն դեմ չեն լինի նաև էժան բենզինին։

Չնայած վերջին օրերին արձանագրված այս գներին՝ ՎԿ տվյալների համաձայն բենզինի և դիզելային վառելիքի գների անկում է դիտվել 2023թ-ի մայիսին նախորդ տարվա մայիսի և 2023թ-ի ապրիլի համեմատ․

Գծապատկեր 1․ Բենզինի գների փոփոխության դինամիկան 2023թ-ի հունվար-մայիս ամիսներին

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի մայիսին 2022թ․-ի մայիսի համեմատ բանզինի գների անկումը կազմել է 28,9%։ Մյուս կողմից բենզինի գների անկումը 2023թ-ի մայիսին ապրիլի համեմատ կազմել է 0,5%։

Ծանոթանանք իրավիճակին դիզելային վառելիքի պարագայում․

Գծապատկեր 2․ Դիզելային վառելիքի գների փոփոխության դինամիկան 2023թ-ի հունվար-մայիս ամիսներին

Դիզելային վառելիքի պարագայում 2023թ․-ի մայիսին 2022թ-ի նույն ամսվա համեմատ գների անկումը կազմել է 21,3%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 1,1%։

Նշենք, որ նոր ընկերության մուտքը բենզինի շուկա հանրության շրջանում սպասումներ  է առաջացրել, որ հնարավոր է գների անկում, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հայկական շուկա է մտնելու նոր որակի բենզին՝ ավելի թանկ գներով։ Այս պարագայում հետաքրքիր է՝ ինչ զարգացումներ են սպասվում Հայաստանում բենզինի և դիզելային վառելիքի գների փոփոխությունների տեսանկյունից։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով