ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ, որտեղ նրան զեկուցվել է հանրապետությունում սանիտարական առաջին աղբավայրի աշխատանքների ավարտական փուլի մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ավարտական փուլում են գտնվում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակում հանրապետությունում առաջին սանիտարական աղբավայրի շինարարական աշխատանքները: Խոհրդակցությանը նշվել է, որ շինաշխատանքների 90 տոկոսն արդեն իսկ ավարտվել են»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հրազդան քաղաքում կայացած խորհրդակցության ժամանակ վարչապետին է ներկայացվել մարզպետարանի 2022թ. գործունեության հաշվետվությունն ու ընթացիկ տարում իրականացվող ծրագրերի ընթացքը:
Ըստ այդմ, 2018-2023 թթ մարզում իրականացվել է 356 սուբվենցիոն ծրագիր: Միայն 2022 թ հաստավել է 12 մլրդ դրամի սուբվենցիոն 60 ծրագիր, որի 80 տոկոսն ավարտվել է: 2023 թ. համար հավանության է արժանացել 40 ծրագիր՝ շուրջ 12 մլրդ դրամի:
Բացի այդ, մի շարք ոլորտում իրականացվել են տարատեսակ ծրագրեր։
Մասնավորապես՝ օրինականացվել է ապօրինի 92 շինություն, 121-ը օրինականացման փուլում է, իսկ 89-ի շինաշխատանքները կասեցվել են:
Իրականացվել է 111,57 հա հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն, 15908,0 հա պետական սեփականություն հանդիսացող հողերի վարձակալություն, 282,36 հա հողերի աճուրդային եղանակով օտարում, 87,27 հա գյուղատնտեսական նշանակության հողամասերի կարգավիճակի փոփոխություն:
Նշվել է նաև, որ մարզում առկա է 4 535 հա պտղատու այգի, որից 878 հա-ն ինտենսիվ այգիներ են: 155 հա-ն ունեն հակակարկտային ցանց, իսկ 376 հա-ում գործում է կաթիլային ոռոգման համակարգ: Նախորդ տարի մարզում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 4 «խելացի անասնագոմ»:
Փաշինյանին ներկայացվել է, որ նախորդ տարվա ընթացքում մարզում հիմնանորոգվել է 45 կմ հանրապետական և միջպետական նշանակության ճանապարհ, իսկ 47 կմ ճանապարհի վրա իրականացվել է միջին նորոգում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում