Wildberries–ի ծառայություններից Հայաստանում օգտվում է յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչը. Տատյանա Բակալչուկ

1 Min Read

Wildberries–ի հիմնադիր Տատյանա Բակալչուկը  Երևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է` տեղյակ է, որ սննդի որոշ տեսակներ չեն առաքվում Հայաստան։

«Կարծում եմ` կա փոխադարձ բարձր ստանդարտների, պահանջների խնդիր։ Ես գտնում եմ` այդ հարցերը մոտակա շրջանում կլուծվեն։ Սա ոչ թե լոգիստիկայի, այլ ավելի շատ փաստաթղթղերի ձևակերպումների հետ է կապված»,– նշել է Բակալչուկը։

Ըստ նրա` մի բան է, եթե մենք խոսում ենք երկու երկրների միջև սովորական առևտրի մասին, և մեկ այլ բան է, երբ խոսում ենք օնլայն պատվիրված ապրանքի մասին, երբ այն գնորդին պետք է հասնի կոնկրետ ժամկետներում։

Wildberries–ի հիմնադիր վստահ է, որ ապագան պատկանում է օնլայն առևտրին, քանի որ այդպես առևտրաշրջանառությունն ավելի արագ ու հեշտ է ստացվում։

Հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ էլ նա հայտնել է, որ Wildberries–ի ծառայություններից Հայաստանում օգտվում է արդեն յուրաքանչյուր 6-7-րդ բնակիչը։

Պատվերներն այնքան շատ են, որ ընկերության հզորությունները բավարար չեն դրանք արագ մշակելու համար։ Այդ պատճառով Հայաստանում ընդլայնվում են տեղական թիմերը, և ապրանքների հանձնման նոր կետեր են բացվում։

Հայաստանում Wildberries հարթակն աշխատում է 2018 թվականից, 2021 թվականին արդեն բացվել են պատվերների տրամադրման գործընկեր կետերը, ուղղակի վաճառքները մեկնարկել են 2022 թվականի վերջին։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով