Որն է Գերմանիայի՝ հզոր տնտեսության կերտման ռազմավարությունը

7 Հուլիսի, 2023
2 Min Read
Որն է Գերմանիայի՝ հզոր տնտեսության կերտման ռազմավարությունը

Գերմանական Rheinmetall պաշտպանական կոնցեռնը, որը հիմնադրվել է դեռևս 1889թ․-ին, Ուկրաինայի հակամարտության շնորհիվ նախատեսում է նոր արտադրական գիծ գործարկել։ Ձեռնարկությունը պատրաստվում է հզորությունները հասցնել 1980-ական թվականների մակարդակին. հասնել տարեկան մինչեւ 600 հազար զինամթերքի արտադրությանը եւ աշխատանքի ընդունել լրացուցիչ հարյուրավոր նոր աշխատակիցների: Rheinmetall-ը 2022թ․-ին 18%-ով ավելի շատ պատվերներ է ստացել, քան 2021թ․-ին, եւ ակնկալում Է վաճառքների երկնիշ աճ։ Նշվում է, որ այժմ Ունտերլյուս կոմունայի գործարանում հազարավոր մարդիկ աշխատում են երեք հերթափոխով՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար:


Ուկրաինային տրամադրվող օգնության ծավալները. Որոնք են առաջատար երկրները


Տեղեկացնենք, որ Rheinmetall-ը գերմանական խոշորագույն ընկերություններից մեկն է, որտեղ 2021թ-ի տվյալներով աշխատում է մոտ 24 հզր մարդ։

Ընկերության կապիտալիզացիան կազմում է €9,7 մլրդ, ակտիվների ծավալները հաստատվել են  €7,7 մլրդ մակարդակում և ընկերության մաքուր շահույթի ծավալները շուրջ €0,2 մլրդ են։ Փաստենք, որ ընկերության ընդհանուր հասույթը 2021թ-ի դրությամբ կազմում է մոտ €6 մլրդ, որը, ըստ արտադրության հիմնական բաժինների բաշխված է հետևյալ կերպ․

Գծապատկեր 1․ Rheinmetall-ի հասույթի ծավալները՝ ըստ ընկերության տարբեր ստորաբաժանումների

Ինչպես կարելի է տեղեկանալ Գծապատկեր 1-ից, ընկերության հասույթի 1,9 մլրդ-ը ձևավորվել է ընկերության տրանսպորտի ստորաբաժանման  միջոցով։ Այս բաժնում արտադրվում են ռազմական տեխնիկա և բեռնատարներ, անհատական պաշտպանության միջոցներ և աշտարակային գործիքները։

Ընկերության 1,3 մլրդ-ի հասնող հասույթը ձևավորվել է սենսորներ և գործադիր մեխանիզմներ ստորաբաժանման հաշվին։ Վերջինս թողարկում  է պոմպեր, ակտուատորներ, արտանետման համակարգեր, էլեկտրամագնիսական փականներ, առևտրային դիզելային համակարգեր։ Տարատեսակ զենք և զինամթերքի վաճառքի արդյունքում ընկերության հասույթն ավելացել է 1,2 մլրդ-ով։

☑️ Ամփոփելով վերլուծությունը՝ կցանկանայինք մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրել գերմանական այս հզոր ընկերության ստեղծման տարեթվի վրա՝ 1889թ.: Նկատենք, որ գերմանացիները, անցնելով տարաբնույթ աղետների միջով, կարողացել են պահպանել ընկերությունը և բերել ներկայիս մակարդակին։ Ահա թե որն է Գերմանիայի ռազմավարությունը՝ հզոր տնտեսության կերտման և ապա նաև պահպանման գործում:

Ցավոք, Հայաստանում պատկերը հակառակն է։ Դեռևս Սովետական Միությունից ժառանգություն ստացած կառույցներ ու կազմակերպությւոնները տարբեր պատճառաբանություններով լուծարվեցին։ Շատ հաճախ մեզ հարցնում ենք, թե ինչու ենք պարտվում ներկայիս աշխարհաքաղաքական խառնաշփոթում։ Միգուցե պատճառն այն է, որ, օրինակ, մեզ շրջապատող երկրները, ԵՏՄ անդամ ՌԴ-ն, Բելառուսը և մյուսները կարողացել են պահպանել, զարգացնել իրենց բաժին հասած նշանակալի կառույցները, մինչդեռ մենք….

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով
Թողնել մեկնաբանություն