Նոր հավելվածը կուղղորդի ընտրել ճիշտ մասնագիտություն

2 Min Read

Բոլորս էլ նկատում ենք, որ նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում զգացվում է համապատասխան մասնագետների պակաս, մինչդեռ այս սրընթաց փոփոխություններին բավականին դանդաղ է արձագանքում կրթական համակարգը։

Հետաքրքիրն այն է, որ նոր տեխնոլոգիաներն իրենց հետ բերել են նոր մասնագիտություններ և իրավիճակը փոխելու համար պետք է դիմել հենց նոր տեխնոլոգիաներին։

Օրինակ՝ ՌԴ-ում թողարկել են «Մասնագիտությունների թինդեր»/«Тиндер профессий»/ հավելվածը։ Վերջինս օգնելու է դեռահասներին ծանոթանալ տարբեր մասնագիտություններին։ Սա «տոմս դեպի ապագա» կարիերայի ուղղորդման նախագծի նոր արտադրանքն է:

«Մասնագիտությունների  թինդեր»-ն աշխատում է ծանոթությունների հայտնի հավելվածի նմանությամբ։ Օգտատերը տեսնում է բացիկ՝ մասնագիտության մասին հիմնական տեղեկություններով և քաշում  է աջ կամ ձախ ՝ կախված նրանից ՝ իրեն դուր է գալիս այդ մասնագիտությունը, թե ոչ: Բացի այդ՝ հավելվածում հնարավոր է դասակարգել մասնագիտությունները ըստ անվանման, պահանջարկի կամ աշխատավարձի մակարդակի, ինչպես նաև ծանոթանալ ոչ միայն առանձին մասնագիտությունների, այլև ամբողջական ոլորտների:

Սա կարևոր է նրանց համար, ովքեր որոշել են ոլորտը, բայց չգիտեն, թե նախապատրաստման որ ուղղություններն է այն ընդգրկում: Հավելվածում կարելի է  ավելացնել նախընտրած մասնագիտությունները’ միաժամանակ մինչև 15 -ը, և դրանք ավելի մանրամասն ուսումնասիրել:

Հավելվածն արդեն հավաքել է ավելի քան 500 մասնագիտություն, և հեղինակները խոստանում են մինչև տարեվերջ ընդլայնել դրանց ցուցակը:  Երիտասարդների մասնագիտական ուղղորդման ծրագրերը բավականին ակտիվ կերպով ներդրվում են ռուսական դպրոցներում։

Նույնիսկ Պետդումայի երիտասարդական քաղաքականության կոմիտեի ղեկավար Արտյոմ Մետելևը առաջարկել է ԴՆԹ թեստեր անցկացնել դպրոցականների մասնագիտական կողմնորոշման համար։

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով