Անձնագրային ստորաբաժանումները հուլիսի 8-ից կաշխատեն հատուկ աշխատանքային ռեժիմով

1 Min Read

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանմունքներում քաղաքացիները կսպասարկվեն նաև շաբաթ օրերին․ անձնագրային մի շարք ծառայություններում գործում է նաև էլեկտրոնային հերթագրում, հայտնում են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:

Հաշվի առնելով վերջին շրջանում քաղաքացիների մեծ հոսքն ու հերթերի ծավալների աճը՝ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային անձնագրային ստորաբաժանմունքներում  աշխատանքները պատշաճ կազմակերպելու և դիմողներին որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով որոշվել է հուլիսի 8-ից աշխատանքային հայտարարել նաև շաբաթ օրերը:

Ըստ աղբյուրի՝ քաղաքացիները կսպասարկվեն սովորական աշխատանքային ռեժիմով: Սպասարկման ընթացքում առաջացող խնդիրների առնչությամբ քաղաքացիները կարող են կապ հաստատել ՄՔԾ թեժ գծով՝ 010 370264 կամ զանգահարել 1-02:

Արդեն իսկ էլեկտրոնային հերթագրման կարգ է գործում Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի և Մաշտոցի անձնագրային բաժանմունքներում, իսկ հուլիսի 10-ից էլեկտրոնային հերթագրում կիրականացվի նաև Կենտրոնականի, Նոր Նորքի, Մալաթիա-Սեբաստիայի և Շենգավիթի անձնագրային ծառայություններում:

Հերթագրվել կարելի է migration.e-gov.am կայքի միջոցով:

Հաջորդիվ էլեկտրոնային հերթագրման կարգն աստիճանաբար կներդրվի նաև Երևանի մնացած անձնագրային ծառայություններում, այնուհետև նաև մարզերում՝ ծանրաբեռնվածությունից ելնելով։

TAGGED:
Share This Article