Շուկայում, այլ երկրների որոշ բեռնափոխադրողների համեմատ, առաջացել են ոչ հավասար պայմաններ, ինչի հետեւանքով ՀՀ բեռնափոխադրողները չեն կարողանում մրցակցել եւ աստիճանաբար դուրս են մղվում բեռնափոխադրման շուկայից. այս մասին ասել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը հունիսի 30-ին տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ։
Պատգամավորի նախաձեռնած քննարկմանը մասնակցել են ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, նույն հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, տնտեսվարողներ եւ բեռնափոխադրողներ:
Ներկայացնելով ոլորտում տիրող իրավիճակը` Արմեն Խաչատրյանը փաստել է, որ վերջին շրջանում հայ բեռնափոխադրողները խնդիրների առջեւ են կանգնել: Բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները հանգամանալի ներկայացրել են առկա խնդիրները: Ըստ նրանց` օգտագործելով հարեւան երկրներից մեկի համարանիշերը` որոշ օտարերկրացի բեռնափոխադրողներ խուսափում են հարկեր վճարելուց, որի պատճառով նրանք ապրանքները ներկրում կամ արտահանում են առավել էժան գներով, ինչպես նաեւ զբաղվում են դիզվառելիքի ապօրինի վաճառքով: Հայ բեռնափոխադրողների հավաստմամբ` իրենք պարտաճանաչ վճարում են բոլոր հարկերը:
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը պարզաբանումներ է ներկայացրել մի շարք խնդիրների վերաբերյալ: Ըստ նրա` Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական համաձայնագրով երկուստեք ազատականացված են բեռնափոխադրումները: 2019 թվականից հայկական համարանիշով բեռնափոխադրողներն ազատված են ճանապարհային հարկ վճարելուց: Փոխնախարարի հավաստմամբ` գործում է ազատականացված ռեժիմ:
Արձանագրելով բարձրացված խնդիրները` Արմեն Խաչատրյանը շեշտադրել է բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների միջեւ հավասար մրցակցային պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նա նաեւ ընդգծել է բեռնափոխադրումների նկատմամբ հսկողության բարձրացման կարեւորությունը:
Նշվել է, որ հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն` մինչեւ համապատասխան լուծումներ գտնելը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում