Արևելք ասելիս ակամա առաջինը տեսնում ենք Չինաստանը: Վերջինս, անշուշտ, թե՛ բնակչության թվաքանակով, թե՛ տնտեսությամբ և թե՛ ռազմական նշանակության տեսանկյունից աշխարհի խոշորագույն պետություններից է: Սակայն, եթե քարտեզով մի փոքր Չինաստանով առաջ գնանք, ապա կնկատենք, որ համաշխարհային տնտեսության համար ևս երկու կարևոր պետություններ կան այս տարածաշրջանում՝ մեկը Ճապոնիան է`աշխարհի երրորդ երկիրը ԱՄՆ-ից և Չինաստանից հետո, իսկ մյուսը` Հրվ. Կորեան, որին չափազանց լավ ճանաչում է հայ հասարակությունը այդ երկրի արտադրության բարձր տեխնոլոգիական ապրանքներով՝ հեռուստացույցներ, կենցաղային այլ տեխնիկա, ավտոմեքենաներ և այլն։
Որոնք են ՀՀ տնտեսության համար սպառնալիք հանդիսացող երկրները՝ ըստ ՄՀԻ հարցումների
Այս երկու պետությունները մի կողմից ունեն պատմական տարաձայնություններ, իսկ մյուս կողմից ընդհանուր շահեր՝ առաջին հերթին կապված անվտանգության հետ: Սակայն երբեմն երկու երկրների հարաբերությունները փչացնում են անցյալի անհաշտությունները:
Մասնավորապես, Ճապոնիայի կողմից Սեուլի նկատմամբ առևտրային վերահսկողության խստացումն ակնհայտ փոխհատուցում էր 2018թ-ին հարավկորեական դատարանի որոշումների համար, որոնք ճապոնական ընկերություններին պարտավորեցրել էին փոխհատուցում վճարել կորեացի աշխատողներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վատ վերաբերմունքի և հարկադիր աշխատանքի համար, երբ Կորեական թերակղզին գտնվում էր ճապոնական օկուպացիայի տակ:
Չնայած մտցված սահմանափակումներին` սույն թվականի հունիսի 27-ին Ճապոնիան հայտարարեց Հարավային Կորեան որպես արագացված առևտրի կարգավիճակ ունեցող նախընտրելի երկիր վերականգնելու որոշման մասին ՝ հուլիսի 21-ից՝ արդյունավետորեն վերջ տալով քառամյա տնտեսական սկանդալին:
Հարավային Կորեայի արտոնյալ կարգավիճակի վերականգնումը վերջ կդնի քառամյա առևտրային վեճին, որը սկսվել է 2019 թվականի հուլիսին, երբ Ճապոնիան Հարավային Կորեային հանեց այն երկրների <<սպիտակ ցուցակից>>, որոնք արագացված առևտրի թույլտվություններ էին ստացել:
Չնայած երկուստեք նման սուր քայլերին` այս երկու պետությունները տնտեսական հարաբերությունների տեսանկյունից միացյալ հզոր ուժ են ներկայացնում:
Նկատենք, որ երկու երկրների տնտեսությունների առանցքային ցուցանիշների կանխատեսումները 2023թ-ի մասով բավականին համեստ են.
Գծապատկեր 1․ Կանխատեսումներ Ճապոնիայի և Հրվ․ Կորեայի տնտեսական մի շարք առանցքային ցուցանիշների մասով
2023թ-ը Ճապոնիան և Հրվ. Կորեան ամենայն հավանականությամբ ավարտելու են համապատասխանաբար 1.3% և 1.5% տնտեսական աճերով:
2023թ-ին Ճապոնիայում գնաճը հաստատվելու է 2.3%, իսկ Հրվ. Կորեայում՝ 2.7% մակարդակներում:
Սպասվում է, որ 2023թ-ին գործազրկության մակարդակը Ճապոնիայում արձանագրվելու է 2.3%, իսկ Հրվ. Կորեայում՝ 3.7%:
Եվ վերջում նկատենք, որ 2023թ-ին ներդումներ/ ՀՆԱ հարաբերակցությունը Ճապոնիայում լինելու է 25.94%, իսկ Հրվ. Կորեայում՝ 31.69%:
Հետաքրքիր է այն հարցը, թե հնարավոր է արդյոք համեմատականներ անցկացնել Ճապոնիա-Հրվ. Կորեա, և Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների միջև:
Համեմատության համար կարծում ենք, որ որոշակի պարամետրերով երկրները պետք է համադրելի լինեն: Սակայն, ցավոք, մեր տարածաշրջանում Հայաստան գործոնը, հատկապես վերջին պատերազմից հետո, ամբողջովին թուլացել է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում