Ապօրինի հանքարդյունահանման արդյունքում տեղահանվել է ավազանման լեռնային զանգված. տարածքը դեգրադացվել է

2 Min Read

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  Արարատի մարզի Սիս գյուղի վարչական տարածքում` դաշտամիջյան ճանապարհի և դրենաժային առվի միջնամասում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողատարածքում, «Կ. Նարեկ» ՍՊ ընկերությունն  իրականացնում է ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանում: Պարզվել է նաև, որ  տվյալ տարածքում ավազակոպճային խառնուրդի արդյունահանում իրականացնող ընկերությունը ՀՀ տարածքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման, մասնավորապես, ավազակոպճային խառնուրդի արդյունահանման թույլտվություն չունի և երբևէ չի էլ ունեցել:
ԱՅս մասին BanksNews.am-ին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձեռք բերված տեղեկությունների բազմակողմանիությունը և լրիվությունն ապահովելու նպատակով՝  վարչության աշխատակիցները համագործակցել են նաև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ: Վերջիններիս կողմից իրականացրած չափագրման արդյունքում պարզվել է, որ  6554 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածքից տեղահանվել է 14689 խորանարդ մետր ծավալով ավազանման լեռնային զանգված: Տվյալ գործունեության արդյունքում դեգրադացվել է 12293  քառակուսի մետր մակերեսով տարածք:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիմքով` առանց թույլտվության ընդերքի բնական պաշարներն օգտագործելու համար, կազմվել է արձանագրություն, որի հիմքով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարուցվել է վարչական վարույթ: Կազմված արձանագրությունը և կից նյութերն ուղարկվել են ՊԵԿ Իրավաբանական վարչություն` անձի վարչական պատասխանատվության հարցը քննարկելու համար:

Միաժամանակ, դեպքի առթիվ կատարվել է պետությանը պատճառված վնասի նախնական հաշվարկ, որը կազմել է  շուրջ 36 միլիոն 763 հազար դրամ:

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է  քրեական վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Մանրամասները՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով