Միջազգային հանրությունը, հայաստանյան իշխանությունները և համայն հայությունը շարունակում է լուռ հետևել Արցախում տեղի ունեցող ցեղասպանությանը: Դարավոր փորձը ցույց է տալիս, որ պետք է տարանջատել ձևական և իրական գործընթացները: Եվրոպաները և ռուսաստանները սահմանափակվում են կոչերով, որ պահանջում ենք անհապաղ բացել Լաչինի միջանցքը կամ արցախահայերի կյանքի ճանապարհը, իսկ իրականում Ադրբեջանի հռետորաբանությունը ավելի է լկտիանում:
Բռնապետ Ալիևը շատ հստակ երեք առաջարկ է անում արցախահայերին՝ բռնի հպատակեցում, բռնի տարհանում կամ նոր ուժի կիրառում: Երեքի դեպքում էլ Ալիևը ամբողջությամբ վերացնում է հայկական երկրորդ պետությունը` պարզապես տարբեր մեխանիզմներով:
Ալիևն ընտրել է ազգերի բնաջնջման ամենատարածված մեխանիզմներից մեկը՝ տնտեսական և հումանիտար բլոկադան: Արցախում իրապես իրավիճակը չափազանց ծանր է: Ավերվում են պետության վերջին հիմքերը: Իհարկե, Հայաստանը միլիարդավոր դրամների հասնող օգնություն է ուղարկում, սակայն դա էլ իրավիճակը չի կայունացնի, քանի որ Արցախի տնտեսությունը հայտնվել է խորը կազմաքանդման փուլում: Մի որոշ ժամանակ հետո իրավիճակն էլ ավելի է բարդանալու, եթե հայությունը կտրուկ քայլեր չնախաձեռնի:
Վերադառնալով արցախահյության ներկայիս կյանքին՝ նկատենք, որ Արցախի տնտեսությունն անդառնալի անկումներ է արձանագրել արդեն 2023թ-ի առաջին եռամսյակում.
Գծապատկեր 1. Արցախի տնտեսության առանցքային ցուցանիշների փոփոխությունը 2023թ-ի առաջին եռամսյակում 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ
Արցախի ՎԿ-ից տեղեկանում ենք, որ երկրում արտահանման և ներմուծման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ կրճատվել են 94.9%-ով և 72.7%-ով:
Գնաճը հաստատվել է 9.4% մակարդակում:
Երկրում շինարարության ծավալները կրճատվել են 83.9%-ով:
Կտրուկ անկում է արձանագրվել արդյունաբերությունում՝ 70.4%-ով:
Արցախում ծանր օրեր են ապրում առևտուրը և ծառայությունների ծավալը, որոնք նվազել են համապատասխանաբար 52.3%-ով և 21.3%-ով: Այս ամենի արդյունքում երկրում տնտեսական ակտիվությունն ընկել է 30.6%-ով:
Այսպիսով, այս խորը լռության մեջ՝ անտեսելով արցախահայերի տարրական իրավունքները, մենք բավականին կարճ ժամանակում, ցավոք, կտեսնենք հայկական հերթական պետության անկումը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում