Պրիգոժինի «սև ուրբաթը» ՌԴ տնտեսությունում

3 Min Read

Անցյալ շաբաթվա ուրբաթ-կիրակի օրերին աշխարհը տեղեկացավ, որ «Վագներ» զինված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը հավաքել է իր մարտիկներին և ռազմական գործողություններ է իրականացնում ՌԴ մի շարք բնակավայրերում՝ ցանկանալով հասնել Մոսկվա: «Մենք 25 հազար հոգի ենք, և գնում ենք պարզելու, թե ինչու է երկրում անկարգություն (беспредел)»,- ասել է նա ձայնագրությունում, որը տարածվել է տելեգրամյան ալիքներով։

Սա արդյունք  է լարված հարաբերությունների, որոնք առկա են ՌԴ ՊՆ-ի և ռազմական խմբավորման միջև: Մյուս կողմից, նման դրսևորումները խոսում են ՌԴ-ում իշխանական բուրգում առկա ճեղքերի մասին: Ամբողջ աշխարհը տեսավ, որ կա մեկը, որը կարող է շատ հեշտությամբ զորք հավաքել և հարձակվել ՌԴ ցանկացած քաղաքի վրա: Սա, կարելի է ասել, ուղիղ հարված է ՌԴ նախագահ Վ.Վ. Պուտինի վարկանիշին թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: Այս ապստամբության հետևանքները շատ խորն են: Դրանից հետևություններ կանեն ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Թուրքիայի, Չինաստանի և մյուս երկրների հատուկ ծառայությունները:


Առցանց բանկինգ-ծառայությունների վրա հարձակումների թիվը ՌԴ-ում աճել է 59 %-ով


 Իհարկե, Լուկաշենկոն և Պուտինը կարողացան ապստամբությունը ճնշել խաղաղ միջոցներով, սակայն դրա հետևանքները խորն են և դեռևս իրենց զգացնել կտան: Հատկապես ապստամբ Պրիգոժինը մի քանի խոսքով կարողացավ իրական «սև ուրբաթ» բերել ՌԴ տնտեսությունում:

Ուրբաթ երեկոյան արդեն իսկ արձագանքեցին շուկաները և ռուբլու փոխարժեքը: Ռուսական  IMOEX հարթակում ցուցակված խոշոր ընկերությունները սկսեցին կորցնել, իսկ ռուբլու փոխարժեքը դոլարի և եվրոյի նկատմամբ խիստ ընկավ: IMOEX հարթակում տեղի ունեցող խառնաշփոթին կարելի է ծանոթանալ ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 1. IMOEX հարթակում տիրող իրավիճակը մի շարք խոշոր ընկերությունների մասով 2023թ-ի հունիսի 23-ի երեկոյան

Ինչպես տեսնում ենք այնպիսի խոշոր ընկերությունների, ինչպիսիք են Սբերբանկը,«Լուկօյլ»-ը, «Գազպրոմ»-ը, ՎՏԲ-ն և «Յանդեքս»-ը, արժեթղթերի գները կտրուկ ընկել էին համապատասխանաբար 1.98%-ով, 2.11%-ով, 1.48%-ով, 2.71%-ով և 4.53%-ով: Նկատենք, որ փաստացի էժանացան հենց ընկերությունները: Կարելի է ենթադրել, որ ճգնաժամի խորացման պարագայում ռուսական շուկաները կշարունակեին անկումը, իսկ խոշոր ընկերություններն էլ՝ էժանանալ:

Նկատենք, որ ներդրողների համար փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, որ ապստամբության նախադեպը կարող է կրկնվել, իսկ նման վախերը երբեք դրական ազդեցություն չեն ունենում երկրի ներդրումային միջավայրի վրա, որն էլ իր հերթին երկարաժամկետ հեռանկարում բարդացնում է տնտեսությունում առկա ընդհանուր տրամադրությունները:

Ամփոփելով վերլուծությունը՝ նկատենք, որ Հայաստանի համար ՌԴ տնտեսության փլուզումը չափազանց ցավալի կլինի՝ հաշվի առնելով ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի և ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի հավաստիացումները, որ ՀՀ տնտեսության ներկայիս աճերի հիմնական երաշխավորը ՌԴ-ն է:


Հայաստանյան տնտեսական աճը` ըստ Օվերչուկի


 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով