Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին, Արցախում հատվել են հազարավոր ծառեր

4 Min Read

Գազամատակարարման պարբերական և էլեկտրամատակարարման մշտական խափանման պատճառով ջեռուցման սեզոնում Արցախի բնակիչները ստիպված սկսել են օգտագործել փայտի վառարաններ ջեռուցման նպատակով, ինչը հանգեցրել է չնախատեսված անտառահատումների՝ շուրջ 8200 ծառ, դա էլ իր հերթին լրացուցիչ երկարաժամկետ խնդիրներ է ստեղծելու առողջ շրջակա միջավայրի ապահովման հարցում: BanksNews.am-ն այս մասին տեղեկանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցից։

Մարտակերտից 3 երեխա ունեցող 46-ամյա Արմենը, ինչպես տասնյակ հազարավոր մարդիկ, գազամատակարարման պարբերական ընդհատումների պատճառով բնակարանը ջեռուցելու լուրջ դժվարությունների է հանդիպել։ Արմենի ընտանիքը ստիպված է եղել անցնել փայտի վառարանի՝ բնակարանը տաքացնելու համար, սակայն ձմռանը նրանք դժվարությամբ են փայտ գտել։

Արմենն ասել է Մարդու իրավունքների պաշտպանին.

«Ադրբեջանի կողմից մեկնարկած շրջափակման և գազամատակարարման խափանումների սկզբում մենք փորձում էինք էլեկտրաէներգիան օգտագործել ջեռուցման համար, սակայն հունվարի 10-ից սկսվեցին էլեկտրամատակարարման հովհարային անջատումները, և մենք ստիպված եղանք անցնել փայտի վառարանի։ Ես մեծ ջանքեր գործադրեցի բավականաչափ փայտ գտնելու համար, որովհետև ձյան պատճառով գրեթե անհնար էր անտառ մտնել բեռնատարներով։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են մարդիկ ստիպված այս իրավիճակում բազմաթիվ ծառեր կտրում, ինչը երկարաժամկետ հեռանկարում բացասաբար կանդրադառնա մեր շրջակա միջավայրի վրա։ Նման ծավալի ծառահատումներ ես տեսել եմ միայն 1991-1992 թվականների ձմռանը՝ պատերազմի և շրջափակման պայմաններում»։

Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական սահմանին՝ մոտ 88 մլն մ³ մայիս ամսում (ընդհանուր ջրատարողության շուրջ 15%-ը), մոտենալով մեռյալ (չօգտագործելի) ծավալին՝ շուրջ 70 մլն մ³: Այս իրավիճակը ոչ միայն ռիսկի տակ է դնում Արցախի բնակչության էլեկտրամատակարարման հեռանկարը և խորացնում մարդկանց տառապանքները, այլև՝ արդեն հանգեցրել է շրջակա միջավայրի վրա բացասական մեծ ազդեցության, այդ թվում՝ աղբյուրների չորացման, միկրոկլիմայի վատթարացման, բուսական և կենդանական տեսակների անկման և այլն: Իրավիճակի անհապաղ չկարգավորումն ու Արցախի բնականոն էլեկտրամատակարարման չվերականգնումն անխուսափելիորեն կարճ ժամկետում կհանգեցնի վերոնշյալ էներգետիկ, տնտեսական, հումանիտար և բնապահպանական հիմնախնդիրների կտրուկ սրման և, վերջիվերջո, հումանիտար աղետի:

Հատկանշական է, որ Սարսանգի ջրամբարի ջուրը անկախության ողջ ժամանակաշրջանում, ի տարբերություն խորհրդային տարիների, կիրառվել է բացառապես Ադրբեջանի գյուղատնտեսական նշանակության հողատարածքների (շուրջ 96,000 հեկտար) ոռոգման նպատակով, քանի որ Ադրբեջանը միշտ արգելափակած է պահել Արցախի հողատարածքները ոռոգող ջրանցքը: Այնուամենայնիվ, միտումնավոր ու
հանցավոր կերպով խափանելով ՀՀ-ից Արցախ էլեկտրամատակարարումը, արհեստական էներգետիկ ճգնաժամ հրահրելով և ստիպելով արցախյան կողմին ակտիվորեն օգտագործել Սարսանգի խիստ սահմանափակ ջրային պաշարները՝ Ադրբեջանն, ըստ էության, Արցախի ժողովրդին էներգետիկ, տնտեսական և բնապահպանական ահաբեկչության ենթարկելուց բացի, զրկում է նաև սեփական ժողովրդին ամառվա շոգ ամիսներին Սարսանգի ջրամբարից բավարար ոռոգման ջուր ստանալու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ Արցախն արդեն շուրջ 7 ամիս է՝ շրջափակման մեջ է։ Արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները փակել են։ Պատճառը նախ անհասկանալի պահանջներով բնապահպանների կողմից բողոքի ցույցն էր, որը տևեց շուրջ կես տարի, այնուհետև Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում։ Օրեր անց միջադեպեր գրանցվեցին, ինչից հետո էլ Ադրբեջանն առհասարակ արգելեց միջանցքով բեռների ու մարդկանց տեղաշարժը։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը կանգնեցվեց Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։

Ռուսաստանը հանդես էր գալիս որպես միջնորդ։ Ըստ համաձայնագրի` Լաչինի միջանցքով պետք է ապահովվեր Արցախի բնակիչների ազատ տեղաշարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակը։ Դրա երաշխավորը պետք է լինեին ռուս խաղաղապահները։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով