ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականին մանկավարժների աշխատավարձի տարեկան ֆոնդը շուրջ 350 մլն դրամով ավելի է հաշվարկել։ Այս մասին ՀՀ ԿԳՄՍ նախարարության 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման ֆինանսական և համապատասխանության հաշվեքննության արդյունքների հիման վրա կազմված ընթացիկ եզրակացությունը ներկայացնելիս ասաց Հաշվեքննիչ պալատի անդամ Գագիկ Բարսեղյանը։
«Նախարարությանը` որպես բյուջետային հակտացումների ստորադաս կարգադրիչի, բյուջետային ծրագրերի իրականացման համար տարեկան բյուջեով նախատեսվել էր հատկացնել 88 մլրդ դրամ։ Ճշտված պլանը կազմել է 80.8 մլրդ դրամ, իսկ փաստացի ֆինանսավորումը` 77.8 մլրդ դրամ։ Կատարողականը կազմել է 96 տոկոս»,–նշեց Բարսեղյանը։
Մանկավարժահոգեբանական անձնակազմի տվյալ տարվա միջին աշխատավարձը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձը (68 հազար դրամ) 1.75 գործակցով բազմապատկելով։ Բարսեղյանն ասաց, որ հաշվարկների ընթացքում նախարարության կողմից տվյալ կարգը չի կիրառվել, փոխարենը նվազագույն աշխատավարձին ավելացվել են աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները, հավելումները, պարգևատրումները և լրավճարները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում