Համաշխարհային բանկը կընդլայնի զարգացող երկրների աջակցության միջոցառումները. նրանք կարող են հետաձգել պարտքերի մարումը

1 Min Read

Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան հայտարարել է, որ կազմակերպությունը կավելացնի միջոցառումների շարքը զարգացող երկրներին օգնելու համար ճգնաժամային իրավիճակներից հետո պատրաստվածության, արձագանքման եւ վերականգնման հարցերում:

«Այսօր մենք հայտարարում ենք համալիր մոտեցման մասին, որը զգալիորեն կընդլայնի Համաշխարհային բանկի գործիքակազմը ճգնաժամերին պատրաստվածության ապահովման, դրանց արձագանքման եւ վերականգնման ուղղությամբ», – ասել է Բանգան Փարիզում Հյուսիսի եւ Հարավի երկրների միջեւ «նոր միջազգային ֆինանսական դաշնագրի» քննարկմանը նվիրված գագաթնաժողովի ընթացքում:

Առաջարկվող միջոցառումները ներառում են օգնություն զարգացող երկրների կառավարություններին հակաճգնաժամային արձագանքման առաջադեմ համակարգերի ստեղծման գործում, տարբեր նախագծերի աջակցության համար ապահովագրության նոր տեսակների տրամադրում՝ երկրներին հնարավորություն ընձեռելով միջոցների մի մասն արագ ուղղել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Երկրները նաև կկարողանան հետաձգել պարտքերի մարումը, որպեսզի կենտրոնանան հակաճգնաժամային միջոցառումների վրա՝ առանց անհանգստանալու ֆինանսական հետևանքների մասին:

«Նոր ֆինանսական դաշնագրի» գագաթնաժողովն անցկացվում է Ֆրանսիայի մայրաքաղաքում հունիսի 22-23-ը եւ պետք է մշակի Համաշխարհային բանկի եւ ԱՄՀ-ի ապագա միջազգային համագումարների ճանապարհային քարտեզը, որը ներառում է նաեւ Հարավի երկրների արտաքին պարտքի մեղմացմանն ուղղված միջոցառումներ:

Առաջին անգամ գագաթնաժողովի գաղափարը Ֆրանսիան հնչեցրել է անցած աշնանը Եգիպտոսում ՄԱԿ-ի COP27 կլիմայական համաժողովի ժամանակ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքով ՝ ինքը պետք է օգնի խուսափել «աղքատության դեմ պայքարի եւ կլիմայի պաշտպանության պայքարի միջեւ ընտրությունից»:

Կիսվեք այս հոդվածով