Հանրապետությունում էլեկտրոնային հարթակների միջոցով ուղևորափոխադրման ծառայությունների մատուցումը մեծ կիրառություն ունի, սակայն ոլորտն օրենսդրական կարգավորում չունի։ Կան վարորդներ, որոնք իրենց պատկանող տրանսպորտային միջոցներով իրականացնում են ուղևորափոխադրումներ, որոնք չեն վերահսկվում և չեն հարկվում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարեց տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ոլորտը կարգավորող օրենսդարական փաթեթը ներկայացնելու ժամանակ։
Նախարարի խոսքով՝ էլեկտրոնային հարթակներ ստեղծած կազմակերպությունները փաստացի ուղևորափոխադրման գործունեություն են իրականացնում, պատվերներ են ընդունում, փոխանցում են այդ պատվերները վարորդներին, կարգավորում են իրենց հարթակների միջոցով սակագները, նույնիսկ սահմանում են պահանջներ՝ էկոնոմ դաս, բիզնես, կոմֆորտ, և փաստացի՝ այս ամենը՝ առանց իրավական հիմքի, հարկային պարտավորությունների և վերահսկողության․ «Առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային հարթակներով ուղևորների փոխադրման պատվերներ ձևակերպող և փոխանցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի գործունեությունը՝ որպես ծանուցման ենթակա գործունեություն»:
Առաջարկվում է նաև սահմանել էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայության համար պետական տուրք տարեկան 1 միլիոն դրամի չափով:
Լիցենզավորված մարդատար տաքսի ավտոմոբիլներով, ինչպես նաև էլեկտրոնային հարթակների միջոցով թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր յուրաքանչյուր փոխադրման համար սահմանել արտոնագիր՝ պետական տուրք, և՛ անկանխիկի դեպքում, և՛ կանխիկի դեպքում։ Անկանխիկի դեպքում 2024-ի սեպտեմբերի 1-ից՝ 1,5 տոկոս, 2025-ին՝ 2,5, 2026-ին՝ 4 տոկոս, իսկ կանխիկի դեպքում տոկոսներն ավելի բարձր են՝ 2, 2,5, 5։
Ընդունվելու դեպքում օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ կմտնեն 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Մանրամասները՝ տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում