Արցախում արդեն մանկական կերերի, դեղամիջոցների դեֆիցիտ է նկատվում։ Այս մասին Banksnews.am-ի հետ զրույցում ասաց Ստեփանակերտի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ։
Նրա խոսքով՝ հացի հետ կապված խնդիրն այն է, որ վառելիք չկա ու դժվար է հացը տեղափոխել խանութներ․
«Փռերը տեղում աշխատում են, բայց մատակարարում չկա, մեկ-մեկ էլ, որ արդեն ալյուրն էլ չեն կարողանում մատակարարել, հացի փուռը կանգնում է։ Ամեն դեպքում հասցնում են հացը, մնացած ապրանքների դեֆիցիտ կա, շատ ապրանքների` շաքարավազը չկա, ու միշտ էլ էդ խնդիրը եղել է, անգամ եթե տալոնները բաժանում են, չկա, որ մարդիկ գնեն, հնդկաձավար չկա, մակարոնեղենը մենակ մեզ մոտ արտադրվող մի տեսակ, բայց ներմուծում չկա, բրինձը քիչ քանակով կա, սիսեռ, ոլոռ չկա, միրգ բանջարեղենի մասին խոսք էլ չկա, միրգը ընդհանրապես մոռանում ենք՝ ինչ է, բանջարեղենը ներկա պահին մեր արտադրանքը կա՝ լոբի, կարտոֆիլ, վարունգ քիչ, լոլիկ ընդհանրապես չկա»,- պատմեց մեր զրուցակիցը։
Շուշիի 4 գյուղերից առհասարակ հնարավոր չէ հիվանդներին տեղափոխել Ստեփանակերտի հիվանդանոց՝ Հին Շեն, Նոր Շեն, Եղծահող, Լիսագոր գյուղերը։
Նրա խոսքով՝ մինչ վերջին դեպքերը անցուդարձ կար Լաչինի միջանցքով՝ անցակետով, Կարմիր Խաչի միջնորդությամբ և ռուս խաղաղապահների միջոցով։ Քաղաքացիներն անցակետից չէին օգտվում։
Ինչ վերաբերում է բեռներին, ըստ մեր զրուցակցի, հիմնադրամներն էին տեղափոխում՝ ռուս խաղաղապահների միջոցով։
Հիշեցնենք, որ Արցախն արդեն շուրջ 7 ամիս է՝ շրջափակման մեջ է։ Արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները փակել են։ Պատճառը նախ անհասկանալի պահանջներով բնապահպանների կողմից բողոքի ցույցն էր, որը տևեց շուրջ կես տարի, այնուհետև Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում։ Օրեր անց միջադեպեր գրանցվեցին, ինչից հետո էլ Ադրբեջանն առհասարակ արգելեց միջանցքով բեռների ու մարդկանց տեղաշարժը։
Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը կանգնեցվեց Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։
Ռուսաստանը հանդես էր գալիս որպես միջնորդ։ Ըստ համաձայնագրի` Լաչինի միջանցքով պետք է ապահովվեր Արցախի բնակիչների ազատ տեղաշարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակը։ Դրա երաշխավորը պետք է լինեին ռուս խաղաղապահները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում