Ամեն տարի այս օրը՝ հունիսի 21-ին, աշխարհը տոնում է Մարդասիրության համաշխարհային օրը: Վերջինս պաշտոնապես ընդունված չէ որպես տոնական օր, սակայն բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ այս օրը նշում են և որպես թիրախ ընդունել են աշխարհում խաղաղասիրության, արդարության, մարդկային արժանապատվության, մարդու ազատության և իրավունքների պաշտպանության և հավասարության ընդլայնումը:
Ցավոք, ներկայիս աշխարհում տեղի են ունենում լրիվ հակառակ գործընթացները: Երկրներն անթաքույց խախտում են այլ երկրների սուվերեն տարածքային ամբողջականությունը: Դրա վառ օրինակներն են ԱՄՆ-ի հարձակումը Իրաքի վրա, Ֆրանսիայի հարձակումը Լիբիայի վրա, Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի վրա, Չինաստանի ճնշումները Թայվանի վրա: Եվ ամենացավալին այն է, որ իրավունքների կոպտագույն խախտման են ենթարկվում Հայաստանը և Արցախը: Գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է ՀՀ տարածքայի ամբողջականությունը, իսկ արցախահայությունը փաստացի պատանդ է վերցված: Մինչդեռ խաղաղության համար պայքարող առաջադեմ աշխարհը լռում է:
Որ հորիզոնականում է Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով
Աշխարհի մյուս անկյուններում ևս մարդու տարրական իրավունքները խախտվում են են ամեն րոպե, սակայն որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում: Կարծես այս հակամարդկային գործընթացները դարձել են սովորակայն երևույթ:
Աշխարհում հաշվարկում են տնտեսական ազատության համաթիվը, սակայն դրանից զատ ունենք նաև անձնական ազատության համաթիվը, որը նկարագրում է, թե մարդու անձնական ազատությունը ներկա պահին, որ մակարդակում է գտնվում:
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Սիրիայում, Եմենում և Վենեսուելայում: Այս երկրներում անձնական ազատության մասին խոսելն ավելորդ է և երեքն էլ զբաղեցրել են անձնական ազատության համաթվի վերջին շարքերը:
Հակառակ պատկերն է Շվեյցարիայում, Նոր Զելանդիայում և Էստոնիայում, որտեղ իրապես մարդը կարող է իրեն ազատ զգալ:
Հետաքրքիրն այն է, որ անձնական ազատության համաթվով առաջին 30 երկրների մեջ է գտնվում նաև Հայաստանը.
Գծապատկեր 1. Անձնական ազատության համաթիվը Հայաստանում և հարևան երկրներում, ՀԱՊԿ-ում և ԵՏՄ-ում
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, Հայաստանը գտնվում է առաջին տեղում: Մեր երկրում անձնական ազատության համաթիվը հաստատվել է 8.4 բալ մակարդակում: Այն պարագայում, երբ Վրաստանում 7.7 բալ է, Ղրղզստանում՝ 6.5 բալ:
Իրավիճակը բարդ է ՀԱՊԿ անդամ Տաջիկստանում՝ 4.7 բալ, իսկ ԵՏՄ անդամ Բելառուսում ու Ռուսաստանում համապատասխանաբար 5.03 և 5.6 բալ, իսկ Ադրբեջանում՝ 5.4 բալ: Ադրբեջանը հաստատվել է 128-րդ հորիզոնականում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում