Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները հայաստանյան չափանիշներով բավական բարձր աշխատավարձ են ստանում՝ պարգևավճարներով հանդերձ՝ այն ամսական հասնում է 1.5 միլիոն դրամի։ Սակայն դա չի խանգարում, որ նրանք էլ, ինչպես շարքային քաղաքացիները, իրենց այս կամ այն հրատապ հարցը լուծելու համար այցելեն բանկ։
Եվ այսպես՝
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը 2022-ի ընթացքում 2 վարկ է վերցրել՝ 1 մլն 400 հազար և շուրջ 3 մլն դրամ։ Նրա աշխատավարձից ստացված եկամուտը 1 տարում կազմել է շուրջ 20 մլն դրամ։
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հաշվետու տարում վարկ չի վերցրել, սակայն ունեցած վարկերի մայր գումարի մնացորդը կազմում է շուրջ 665 հազար դրամ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ունի հիփոթեքային վարկով ձեռք բերված բնակարան, որի մայր գումարի մնացորդը 2022-ի վերջին կազմել է շուրջ 30 մլն դրամ։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2022-ի վերջի դրությամբ ուներ 4 վարկ։ Դրանցից մեկը բնակարանի ձեռքբերման համար է, որի մնացորդը կազմել է շուրջ 50 մլն դրամ։ Բացի սրանից ևս 3 վարկ՝ 2 մլն, 3 մլն և 2 մլն 300 հազար դրամ մայր գումարի մնացորդով։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը բնակարանի ձեռք բերման համար վերցրած վարկի մայր գումարի մնացորդը տարեվերջին եղել է 27․2 մլն դրամ, իսկ տարվա ընթացքում դրա մարմանն ուղղվել է 3․3 մլն դրամ։
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հիփոթեքային 2 վարկ ունի, որոնցից մեկով 2019 թվականին միանձնյա ձեռք է բերել բնակարան «Երազ» բնակելի համալիրում, մյուսն անցած տարի «Բյուրեղ» բնակելի համալիրում բնակարան գնելու իրավունքի համար «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ին վճարված գումարն է՝ 75․57 մլն դրամ։ Նախարարն ունի ևս 1 վարկ, որի մայր գումարի մնացորդը տարեվերջին կազմել է 124․9 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղվել է 15․8 մլն դրամ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը գործող վարկեր չունի։
Գործող վարկեր չունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը 2022-ի ընթացքում 2 վարկ է վերցրել․ առաջինը 1 մլն դրամ, երկրորդը՝ շուրջ 34 մլն դրամ։ Նախարարն ընդհանուր առմամբ տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղել է 6 մլն 500 000 դրամ։
Բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հաշվետու տարվա ընթացքում վարկ է վերցրել շուրջ 6 մլն 500 հազար դրամ։
Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախորդ տարի պաշտոնը ստանձնելուց 1 շաբաթ հետո «Կոնվերս բանկ»-ից ստացած 7 միլիոն 168 հազար դրամ փոխառության միջոցով (14% տոկոսադրույքով) գնել է նույն արժողությամբ 2022-ին թողարկված HONDA մակնիշի ավտոմեքենա:
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2022-ի ընթացքում 8 մլն դրամ վարկ է վերցրել։ Նպատակը՝ չի նշվում։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հաշվետու տարում բնակարան է ձեռք բերել հիփոթեքով՝ շուրջ 42 մլն դրամ արժողությամբ։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում