Հունիսի 15-ից արդեն 5-րդ օրն է, ինչ Ադրբեջանի կողմից ամբողջապես արգելափակված է Կարմի խաչի միջազգային կոմիտեի կողմից արցախցի բուժառուների երկկողմանի տեղաշարժը և բժշկական պարագաների ու դեղորայքի մատակարարումը Արցախ։ Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:
Դեղորայքի ներկրման կասեցմամբ պայմանավորված՝ ստացիոնար հատվածում դեղորայքի բավարարվածությունը հասել է շուրջ 40 տոկոսի, իսկ ամբուլատոր հատվածում՝ շուրջ 20 տոկոսի: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ հանրապետության բոլոր բուժհաստատություններում այսօրվանից չեղարկվել են բոլոր ոչ հրատապ հետազոտությունները և միջամտությունները (վիրահատությունները)։
Հունիսի 15-ից սկսած Արցախ ոչինչ չի բերվել, ամբողջությամբ դադարեցված են ռուս խաղաղապահների և հումանիտար բեռնափոխադրումները, հայտնել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը: Նրա խոսքով՝ չեն ստանում դեղորայք, սնունդ, տարեցների, երեխաների, նորածինների խնամքի համար անհրաժեշտ պարագաներ, չեն ստանում վառելիք և այլ պարագաներ, որոնք անհրաժեշտ են արցախցիների առաջ ծառացած հազարավոր խնդիրների՝ նրանց կյանքի վրա բացասական ազդեցությունը մեղմելու համար: Իրավիճակը, ըստ պետնախարարի, էլ ավելի անելանելի է դառնում 2022թ. դեկտեմբերից շարունակվող գազամատակարարման և էներգամատակարարման դադարեցման ֆոնին: