Մանթաշյանց՝ հայ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները:

14 Min Read

«Կովկասի արքան»՝ նույն ինքը՝ Ալեքսանդր Մանթաշյանց՝ բարեգործ գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները:

20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։ Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։ Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար… Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը։

Գիրքը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ամենահարուստ ու երջանիկ մարդկանցից մեկի՝ նավթային արքա, ֆինանսական մագնատ, մեծ ընտանիքի հայր, բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի կյանքի և գործունեության մասին է՝ ներկայացված իր ժամանակի և մարդկանց համատեքստում: Նա, անգնահատելի դեր ունենալով Ռուսական կայսրությունում նավթարդյունաբերության զարգացման գործում, աչքի է ընկել նաև հայանպաստ գործունեությամբ: Թեման ներկայացված է փաստավավերագրական և գեղարվեստական ժանրերի միաձուլմամբ, որն ավելի հետաքրքիր է դարձնում ընթերցանությունը:


Հատված
 Արմեն Գասպարյանի «Կովկասի արքան» գրքից
Կիրակնօրյա առավոտ

Մանթաշյանցը ողջ գիշեր  վատ քնեց. հաճախ էր արթնանում: Աչք կպցրեց միայն առավոտյան կողմ, այն էլ արևի առաջին շողերը սկսեցին վախվխելով  սողոսկել ննջասենյակ  ու ընկնել նրա դեմքին՝ միաժամանակ լուսավորելով սենյակը:

Աշտանակի վրայի մոմերն արդեն վաղուց  վառվել-վերջացել էին՝ պարաֆինապատելով մոմակալների ոսկեզօծ մակերևույթը:

Արթնացավ ոչ թե արևի ճառագայթներից, այլ սենյակի դռան կտրուկ բացվելու ձայնից:

Մանթաշյանցի կինը՝ Թիֆլիսի ազնվական տոհմից սերող  Դարյա Թամամշյանը,  չափավոր ու երկար զգեստ հագին, կռացել ու փորձում էր շեմքից դեպի սենյակի ներս քաշել կաշեպատ ու փայտի նուրբ փորագրություններով մի մեծ բազկաթոռ: Տարօրինակ էր, բայց  հրաժարվել էր  աղախնի օգնությունից: Նրա հայացքում և բազկաթոռը սենյակ հրելու ձևում միաժամանակ ուժ և հեզություն էին զգացվում:

Մանթաշյանցը դեռ պառկած էր անկողնում և կոպերի արանքից լուռ հետևում էր՝ չհասկանալով, թե ինչու է Դարյան այդ մեծ բազկաթոռը փորձում սենյակ մտցնել: Կողասեղանի վրա դրված դեղերի հոտը տարածվել էր սենյակում:

Դարյա Թամամշյանին ի վերջո հաջողվեց բազկաթոռը ներս մտցնել ու տանել մահճակալի կողմ:

Մանթաշյանցի ինքնազգացողությունը շատ վատ էր, բայց առավել ափսոսում էր, որ երիկամների ցավերը սաստկացել էին հենց կիրակի օրը. ամեն կիրակի առավոտյան այցելում էր Վանքի տաճար: Մանթաշյանցը մեծ գումար էր ներդրել այդ տաճարի վերականգնման գործում:

Հենց Մանթաշյանցի կինը՝ ազնվազարմ  Դարյան, հավաքեց դեղերն ու թաքցրեց կողասեղանի դարակում, առաջին հարկից ոտնաձայներ լսվեցին: Մանթաշյանցը կռահեց, որ մարդիկ են բարձրանում, իսկ Դարյան լռեց: Ուրիշ դեպքում, չնայած ուժեղ ցավերին, ամուսինն ինքը կբարձրանար անկողնուց, կգնար Վանքի տաճար…

Մանթաշյանցը հայացքը կտրեց բազկաթոռից և տեսավ, որ շեմքին կանգնած է Նորին Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյանը, որին հայերն այնքան էին սիրում, որ որպես ազգի իրական հայր կոչել էին «Խրիմյան Հայրիկ»:

Նա մեծ, բարի աչքեր ու երկար ճերմակ մորուս ուներ, որը նրան վերերկրային տեսք էր հաղորդում: Երեք ավելի երիտասարդ, սևամորուս հոգևորականների ուղեկցությամբ կանգնել էր շեմքին: Հագին լանջախաչով սև սքեմ էր, գլխին՝ Արարատ լեռն ու «խիստ համեստ» բնորոշվող գեղագիտությամբ հայկական եկեղեցիների գմբեթները խորհրդանշող կաթողիկոսական վեղար:

Կաթողիկոսի վեղարի վրայի ադամանդակուռ խաչը որոշ չափով փոխում էր սենյակի լուսավորությունը. նա առաջին անգամ էր Մանթաշյանցին տեսնում նման թույլ և անօգնական վիճակում:

Դարյան աննկատ լքեց ննջարանը: Տեսնելով կաթողիկոսին իր ննջարանում՝ Մանթաշյանցը փորձեց վեր կենալ անկողնուց, բայց նախ չկարողացավ, հետո էլ կաթողիկոսը հայացքով հասկացրեց, որ հարկավոր չէ, և ինքը մոտեցավ մահճակալին: Մյուս երեք հոգևորականները շրջվեցին ու դուրս եկան ննջարանից՝ դուռն իրենց հետևից ծածկելով:

Կաթողիկոսն ու Մանթաշյանցը սենյակում առանձին մնացին:

Խրիմյան Հայրիկը նստեց բազկաթոռին և ուղղեց սքեմի փեշերը: Նրա դեմքն ու ձեռքերը պատված էին խորը կնճիռներով: Ռուսական կայսրության շատ քաղաքական գործիչների դուր չէր գալիս Մկրտիչ Խրիմյանի աննկուն և ըմբոստ բնավորությունը: Նա Վանից էր:

Անկողնում պառկած Մանթաշյանցը խոսեց.

-Ինձ ոչինչ չէին ասել: Ես ինքս կգայի եկեղեցի…

-Ինձ ասացին, որ հիվանդ եք, և ես չէի կարող մինչև մեկնումս չայցելել Ձեզ: Ինչպե՞ս եք Ձեզ զգում,- նրան հանգստացրեց Խրիմյան Հայրիկը:

-Դեղորայքից հետո վիճակս ավելի վատացավ: Հետաքրքիր է, ո՞վ է հնարել դեղերը: Առավոտյան կողմ հազիվ աչք կպցրի,- պատասխանեց Մանթաշյանցը:

Կաթողիկոսի դեմքը տագնապ էր արտահայտում:

-Ես կաղոթեմ Ձեզ համար:

Մանթաշյանցը ռուսերենի, վրացերենի, անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի և անգամ պարսկերենի  էր տիրապետում, բայց Խրիմյան Հայրիկի հետ հայերեն էր խոսում. այդպես ճիշտ էր:

Ննջարանում տիրող ընդհանուր տագնապը կապված էր ոչ միայն Մանթաշյանցի առողջական վիճակի հետ: Հասկանալով, որ Խրիմյան Հայրիկի գործերն այդքան էլ լավ չեն, և մոռանալով շնորհակալություն հայտնել ապագա աղոթքի համար՝ ասաց.

-Վեհափա՛ռ Տեր, կարող եք ուղիղ ասել՝ ինչ է պատահել:

Խրիմյան Հայրիկը չշտապեց պատասխանել. հայացքն ուղղելով  ալ կարմիր վարագույրներից դեռ թափանցող արևի առավոտյան շողերի կողմ՝ փոքր-ինչ մտասուզվեց, ապա արագ զննեց շուրջբոլորը ՝ կարծես փորձելով համոզվել, որ իրենց ոչ ոք չի գաղտնալսում, չնայած դրա մասին խոսք լինել չէր կարող:

Մանթաշյանցը ձգտում էր կաթողիկոսի ոչ մի շարժում, դեմքի արտահայտության ոչ մի փոփոխություն բաց չթողնել:

Հասկանում էր՝ հարցը միայն գումարը չի:

Մահճակալի կողքի բազկաթոռին նստած կաթողիկոսը Մանթաշյանցին մոտենալու համար մի փոքր էլ թեքվեց  և հազիվ լսելի ձայնով շշնջաց.

-Ինձ տեղեկություներ են հասել, որ Նորին մեծություն կայսրը պատրաստվում է հայ եկեղեցու և դպրոցների ունեցվածքը բռնագրավելու մասին օրենք հրապարակել:

Շշնջաց ու հանգստացավ: Հիմա արդեն մտքերի մեջ ընկավ Մանթաշյանցը: Որոշ ժամանակ անց հետևեց հարցը.

– Դուք Սանկտ Պետերբուրգում եղե՞լ եք:

-Վերջին անգամ 1895 թվականին եմ այնտեղ եղել, ինձ Նորին գերազանցություն Նիկոլայ II կայսրն ընդունեց, պարգևատրեց Անդրեաս Նախակոչ սուրբ առաքյալի կայսերական շքանշանով: Անգամ կարճ զրույց, քննարկում ունեցանք Հայկական հարցի շուրջ, և հավաստիացրեց, որ ամեն կերպ կաջակցի հարցը հօգուտ մեզ լուցելու խնդրում: Բայց երբ նույն տարում Կոստանդնուպոլսում տեղի ունեցան հայերի կոտորածները, կայսերն ուղղած բոլոր նամակներս անպատասխան մնացին:

Մանթաշյանցը մի պահ աչքերը փակեց, իսկ կաթողիկոսին թվաց, թե նա քնեց:

Աչքերը թեթև բացելով՝ հարցրեց.

-Իսկ Դուք ի՞նչ ձեռնարկեցիք:

-Ես ինքս սկսեցի այդ հարցով զբաղվել. չկար մեկը, ում վրա կարելի կլիներ հույս դնել: Գաղթականներին ապաստան տվեցի Էջմիածնում, իսկ հետո սկսեցի գումար հանգանակել, որպեսզի օգնեմ Արևմտյան Հայաստանի գաղթականներին տեղավորվել Արևելյան Հայաստանում: Շատերին իմ այդ քայլը  դուր չեկավ,- նույն տոնայնությամբ պատասխանեց Խրիմյան Հայրիկը:

Մանթաշյանցն աչքերը բացեց.

-Հատկապես ո՞ւմ:

-Կովկասի փոխարքա իշխան Գրիգորի Գոլիցինին:

Մանթաշյանցը մեղմ ժպտաց, ինչից կաթողիկոսը տարակուսեց.

-Ենթադրում եմ՝ նա միակը չէ, որ չի կարողանում կուլ տալ հայրենիքի և հայ ժողովրդի նկատմամբ Ձեր սերը:

-Կայսրության ներքին գործերի նախարար, սենատոր և գաղտնի խորհրդական Վյաչեսլավ ֆոն Պլևեն նույնպես…

Մանթաշյանցը, չգիտես ինչու, փոքր-ինչ մռայլվեց և հարցրեց.

-Որի նախորդին սպանեցի՞ն:

Կաթողիկոսը կրկին շտապով շուրջբոլորը զննեց ու նորից շշնջաց.

-Այո՛, նախարար Սիպյագինին սպանեցին անցած տարի: Մեծ աղմուկ բարձրացավ. ես այդ մասին թերթերից իմացա:

-Հաշվենք՝ Աստված է նրան պատժել: Հուսանք Պլևեն դասեր կքաղի,- քմծիծաղեց Մանթաշյանցը:

Որպես քրիստոնյա՝ կաթողիկոսն այդ առթիվ հիացմունք չարտահայտեց, բայց Ռուսական կայսրության ներքին գործերի նախարարն իրոք թշնամի դարձավ, երբ իմացավ, որ հայոց պատրիարքը ազգային շարժում է կազմակերպել: Նախարարի հրամանով մտավորականության շատ ներկայացուցիչներ, քաղաքական և ռազմական գործիչներ սկսեցին մեղադրել նրան:

Ննջարանում տիրող դադարը խախտեց Մանթաշյանցը.

-Ի՞նչ եք պատրաստվում անել, եթե կայսրը հրաման արձակի հայ եկեղեցու գույքի բռնագրավման մասին:

-Ես ողջ հայ հոգևորականությանը կհրամայեմ չենթարկվել այդ հրամանագրին: Ես ուզում եմ, որ Էջմիածնի տաճարը ողջ հայության համար կենտրոն դառնա:

Կաթողիկոսի այդ հայտարարությունը շատ զարմացրեց Մանթաշյանցին: Որպես իրական առևտրական՝ նրան հաջողվեց թաքցնել հուզմունքը,  զգացմունքները՝ ոչ: Մի փոքր բարձրացավ տեղից, ուղղեց բարձն ու դիմեց կաթողիկոսին: Ջերմ մթնոլորտով պայմանավորված մտերմիկ տոնայնությունը վերափոխվեց պաշտոնականի.

-Վեհափա՛ռ Տեր, ես տեղյակ եմ, որ Էջմիածնի Մայր տաճարը լուրջ նորոգության կարիք ունի: Ինձ զեկուցել են, որ քառասուն հազար կարժենա վերանորոգումը, և որպես երախտագիտություն այն բանի, որ ազգիս հոգևոր հայր Նորին սրբությունը հարկ համարեց անձամբ այցելել իմ տուն իմ հիվանդությանս ընթացքում` ինձ վրա եմ վերցնում հայոց գլխավոր եկեղեցու նորոգման ամբողջ ծախսը:

Աննկուն և ըմբոստ բնավորությամբ հանդերձ՝ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն իրոք շատ բարի և տխուր աչքեր ուներ, որոնցում կարծես խտացել էր հայ ժողովրդի` վերջին կոտորածների պատճառած ողջ թախիծը: Դրանք այժմ լի էին գոհունակությամբ, սակայն հուզմունքի պատճառով բնավ չէր կարողանում խոսքերով արտահայտել իր երախտագիությունը: Իսկ Մանթաշյանցն ակնկալիք չուներ. երբեք շնորհակալության չէր սպասում: Կաթողիկոսի դեպքում նա առաջ ընկավ և չթողեց, որ վերջինս շնորհակալություն հայտնի.

-Որպեսզի Էջմիածինն իրավամբ ամբողջ աշխարհի հայության համար դառնա կենտրոն, տաճարի վերանորոգումից բացի, կարծում եմ, անհրաժեշտ է նաև նոր Վեհարան: Դա կլինի մեր պատասխանը բոլոր նրանց, ովքեր մահ են ցանկանում հայ ժողովրդին: Վեհարանի շինարարության համար ես կհատկացնեմ երկու հարյուր հիսուն հազար ռուբլի:

Խրիմյան Հայրիկն այլև ոչինչ չկարողացավ ասել: Նա իր աջի մեջ առավ Մանթաշյանցի թույլ ափն ու զգուշությամբ սեղմեց այն: Ընդհանրապես հակառակն է լինում՝ համբուրում են կաթողիկոսի աջը, բայց այդ օրն այլ կերպ ստացվեց. դա  շատ ձևական կլիներ, իսկ կաթողիկոսն ու Մանթաշյանցն այդ պահին չափազանց անկեղծ էին:

Անկողնում պառկած՝ Մանթաշյանցը ոչ այն է ցավից, ոչ այն է հանգստությունից կրկին փակեց աչքերը:

Նրա ձեռքը դեռ Խրիմյան Հայրիկի ափի մեջ էին:

Կաթողիկոսն արդեն պատրաստվում էր հեռանալ, երբ Մանթաշյանցը կրկին բացեց աչքերն ու ցածրաձայն ասաց.

-Վեհափա՛ռ, ես գեթ մեկ խնդրանք ունեմ:

Կաթողիկոսը նորից նստեց բազկաթոռին ու ասաց.

-Լսում եմ Ձեզ:

-Շատ կցանկանայի, որ Ձերդ սրբությունը վերանորոգման հանձնախմբի մեջ ընդգրկեր վանական երաժիշտ Կոմիտասին, որին մի ժամանակ օգնել եմ ուսման նպատակով Գերմանիա ուղևորվել: Ընդգրկե՛ք նրան հանձնաժողովի մեջ, չեք զղջա:

Կաթողիկոսը, որպես հավանության նշան, գլխով արեց, բայց ոչինչ չասելով՝ այժմ արդեն վերջնական վեր կացավ, կանգնած օրհնեց Մանթաշյանցին և շարժվեց դռան կողմ:

Շատ դանդաղ էր գնում, և Մանթաշյանցը, աչքերը կիսափակ, հայացքով երկար հետևում էր նրան: Ալ կարմիր վարագույրներից թափանցող վաղորդյան արևի թույլ ճառագայթները ազգի հեռացող հայրապետի հետևից անհետացան:

Մանթաշյանցը լուռ հետևում էր և դեռ չգիտեր, որ այլևս երբեք չեն հանդիպելու:

Նիկոլայ II կայսրը նույն տարվա հունիսին իրոք հրապարակեց օրենք, որով բռնագրավման էր ենթակա հայ եկեղեցուն և դպրոցներին պատկանող ողջ գույքը, իսկ Խրիմյան Հայրիկ կաթողիկոսն իր խոսքի տերն եղավ ու ողջ հոգևորականությանը հրամայեց չենթարկվել այդ օրենքին: Ավելին, նա կազմակերպեց և գլխավորեց այդ օրենքի դեմ հայ ժողովրդի զանգվածային բողոքը: Հետագայում  մերժելու էր նաև Նորին մեծություն կայսեր  պետքարտուղար Պյոտր Ստոլիպինի այն հրամանը, ըստ որի՝ կովկասյան ազգերը երդմնակալության բոլոր արարողությունները պետք է անց կացնեին ռուսերենով:

Խրիմյան Հայրիկի անհնազանդությունն իրական ցասում առաջացրեց, և Գրիգորի Սերգեևիչ Գոլիցինը պատրաստվում էր ցարի հրամանին չենթարկվող հայոց կաթողիկոսի դեմ քաղաքական գործընթաց սկսել: Բացի այդ՝ Խրիմյան Հայրիկին մեղադրեցին Ռուսական և Օսմանյան կայսրություններում հայ ազգային կազմակերպություններին մեծ գումարներ հատկացնելու մեջ:

Երկու կայսրություններում էլ կարծում էին, որ հայ ազգայնական-հեղափոխականներն իրենց մեջ վտանգ են պարունակում:

Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Ա Խրիմյան Հայրիկի ամբողջ անհնազանդությունը հանգեցրեց նրան, որ երկու տարի անց՝ 1905 թ. օգոստոսի 1-ին, Նորին մեծություն համայն Ռուսիո կայսր Նիկոլայ II-ը  նոր օրենք ստորագրեց, որով վերադարձվում էր հայ եկեղեցուց և դպրոցներից բռնագրավված գույքը:  Արևելյան Հայաստանում կրկին  թույլատրվում էր  հայկական դպրոցներ բացել…

Խրիմյան Հայրիկը կամացուկ հեռացավ ննջարանից:

Մանթաշյանցը սևեռված, հոգնած աչքերով նայում էր արդեն փակ դռանը:

Հընթացս Վանքի տաճարում ավարտվեց կիրակնօրյա պատարագը:

Եկեղեցին կառուցվել է շատ դարեր առաջ, վստահեցնում են՝ Գրիգոր Լուսավորչի հայրապետության օրոք, իսկ գեղեցիկ լեգենդի համաձայն՝ այն կառուցել էր Օսմանյան կայսրությունից փախած և քրիստոնեություն ընդունած մի թուրք փաշա:  Այնտեղ գերեզմանոց էլ կար, ուր հանգչում էին Գաբրիել Այվազյանի՝ մեծ ծովանկարիչ Այվազովսկու եղբոր, կոմս Լոռիս-Մելիքովի և այլոց աճյունները:

Պատարագից հետո եկեղեցին դատարկվեց:

Հակառակ նրան, որ մարտ ամիսն էր՝ օրն արևոտ էր:

Գմբեթից բարձր պատուհաններից արևի ճառագայթները տաճար էին թափանցում այնպես, ինչպես  ալ կարմիր վարագույրներից ներս էին սողոսկում Մանթաշյանցի տուն:

Տաճարը եռախորան էր:

Գլուխները ծածկած մի քանի տարեց կանայք Սուրբ Աստվածածնի սրբապատկերի դիմացից լուռ հավաքում էին վառված մոմերի մնացորդները:

Թեպետ ըստ լեգենդի տաճարը թուրք փաշա է կառուցել, 1795 թ. Աղա Մոհամմադ խանի բանակն այն ավիրել էր: Երկար տարիներ, անգամ դարեր շարունակ տաճարը վերանորոգման կարիք ուներ:

1901 թվականին ավարտված վերանորոգումն ամբողջությամբ իր վրա վերցրեց Մանթաշյանցը:

Շատ էր սիրում այդ տաճարը, և ուզում էր, որ իր մարմինը հանգչի տեղի գերեզմանատանը:

Գիրքը կարող եք պատվիրել այստեղ:

 

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով