Թեժ ամառն արդեն շատերին ստիպում է ավելի հաճախ մտածել զովանալու, զովաշունչ հանգիստ կազմակերպելու մասին: Օր օրի թեժացող օդի ջերմաստիճանին զուգահեռ մեծանում է ցանկությունը վայելելու սառը հյութեր, մրգեր և իհարկե, պաղպաղակ: Այս քաղցը ու սառը աղանդերը ոչ միայն օգնում է գոնե միառժամանակ հաղթահարել շոգը, այլև պարգևում է հաճելի համային զգացմունքներ և օրը լցնում դրական էներգիայով: Հատկապես երեխաների համար պաղպաղակը երբեք շատ չի լինում:
Էսկիմո պաղպաղակի ծննդյան օրը. ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Պաղպաղակի արտադրությունը զարգացած է գրեթե բոլոր երկրներում: Յուրաքանչյուրը յուրովի է պայքարում նոր տեխնոլոգիաների ներդրման, նոր համերի բացահայտման օգնությամբ ներգրավել սպառողներին:
Նման քայլի է դիմել պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ճապոնական «Cellato» ընկերությունը: Վերջինս ստեղծել է աշխարհի ամենաթանկ պաղպաղակը, որի գինը կազմում է $6,696: Այս գինը պայմանավորված է պաղպաղակի բաղադրության մեջ ներառված յուրահատուկ բաղադրիչներով: Օրինակ, պաղպաղակի մեջ կա սննդային ոսկի, Իտալիայում աճեցվող յուրօրինակ սպիտակ տրյուֆել, որի 1 կգ-ի արժեքը կազմում է $15,000:
Ընդհանուր առմամբ պաղպաղակի համաշխարհային շուկան զարգացման լուրջ նախադրյալներ ունի, որի մասին վկայում են վիճակագրական տվյալները.
Գծապատկեր 1. Պաղպաղակի համաշխարհային շուկայի փաստացի ծավալները 2022թ-ին և կանխատեսվող մակարդակը 2028թ-ին
Տվյալները ցույց են տալիս, որ պաղպաղակի համաշխարհային շուկայի ծավալները 2022թ-ին կազմել են $70.6 մլրդ:
Սակայն, շուկայի սահմանները մինչև 2028թ-ը ընդլայնվելու են՝ հասնելով $94.3 մլրդ-ի: Պաղպաղակի համաշխարհային շուկայում են գործում համաշխարհային հայտնիության մի շարք բրենդներ.
Գծապատկեր 2. Պաղպաղակի համաշխարհային շուկայում գործող մի շարք հեղինակավոր ընկերությունները
Unilever ընկերությունը հիմնադրվել է դեռևս 1872թ.-ից: Ընկերությունը, որը հայտնի է 190-ից ավելի երկրներում, ներկայացված է պաղպաղակի Walls, Ben, Jerry’s և Magnum բրենդներով:
Հաջորդը հանրահայտ Nestlé շվեյցարական կոնցեռնն է, որը ստեղծվել է դեռևս 1866թ-ին: Այն իր 30-ից ավելի ապրանքատեսակներով ողողել է ամբողջ աշխարհը: Որոշ հարթակներում այն ներկայացվում է որպես աշխարհի խոշորագույն սննդամթերք արտադրողը:
Զգալի ներկայություն ունի չինական Yili ընկերությունը, որի հիմնվել է 1993թ-ին և համարվում է Չինաստանի կաթնամթերքի արդյունաբերության ամենամեծ և ամենաորակյալ ընկերությունը:
Եվ վերջապես պաղպաղակի համաշխարհային շուկայում իր ուրույն տեղն ունի General Mills ընկերությունը, որը ստեղծվել է դեռևս 1866թ-ին ԱՄՆ-ում: Ընկերությունը հայտնի է իր Häagen-Dazs պաղպաղակով, որն առկա է ավելի քան 90 երկրներում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում