Հունիսի 14-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Եվրոպայի ամենախոշոր տեխնոլոգիական միջոցառումներից մեկը՝ «VivaTech-2023» 7-րդ ամենամյա միջազգային ցուցահանդեսը, որին մասնակցում է հայկական 10 տեխնոլոգիական ընկերություն, հայտնում են Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունից։
Հաշվի առնելով ցուցահանդեսի հեղինակավոր դիրքը տարածաշրջանում և միջազգային հարթակներում, ինչպես նաև հայկական ընկերությունների գրանցած հաջողությունները «VivaTech 2022»-ի ընթացքում` ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն այս տարի ևս հնարավորություն է ընձեռել ոլորտային ընկերություններին և միություններին մասնակցելու ցուցահանդեսին և ներկայացնելու իրենց նորարարական լուծումներն ու պրոդուկտները «Հայաստան» միասնական տաղավարի ներքո:
Հայկական տեխնոլոգիական ընկերությունները ցուցադրելու են ոլորտի ներուժն ու նվաճումներն առողջապահական, կրթական, ձայնային տեխնոլոգիաների, երաժշտական վիզուալիզացիայի, ճարտարագիտության, ծրագրային և սարքային ապահովման, առցանց գնումների և վճարումների, էլեկտրոնիկայի, արհեստական բանականության և այլ ոլորտներում: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են «ՎիԱռԴրոբ», «Ադեվից», «ԴուՎորք Թեք», «ԷյԹի», «Դուդուկ», «ՖԲՖ», «Բլիինք», «ԵԻԱ ինժեներինգ», «Թեքստ Էնդ Փեյ Մի» ընկերությունները և ԱՏՁՄ-ն «Արմաթ» ծրագրով:
Միջոցառումը նաև լավ հնարավորություն է ընձեռում այլ երկրների մասնակիցների գործունեությանն ու արտադրանքին ծանոթանալու և նրանց հետ փոխգործակցության նախադրյալներ ստեղծելու համար: Հունիսի 15-ին նախատեսվում է հայկական տաղավարում անցկացնել հանդիպում–ֆորում հայկական սփյուռքի տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք այս օրերին Ֆրանսիայում են և որպես այցելու մասնակցում են ցուցահանդեսին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետություն-մասնավոր հատված ձևաչափով փոխշահավետ համագործակցությունը խթանելու նպատակով՝ հունիսի 16-ին հայկական միասնական տաղավարում անցկացնելու է համաժողով ինչպես հայկական և միջազգային մասնակից ընկերությունների, այնպես էլ հայկական սփյուռքի տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
«VivaTech-2023» միջազգային ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 14-17-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում