Որ հորիզոնականում է Հայաստանը տնտեսական ազատության ցուցանիշով

2 Min Read

Տնտեսական ազատությունը մարդու իրավունքն ու հնարավորությունն է՝ բարելավելու իր կյանքը սեփական գործերով և ջանքերով: Ավելի նեղ ընկալմամբ տնտեսական ազատության տակ հասկացվում է ձեռնարկատիրական գործունեության ազատությունը: Կան բազմաթիվ  խթաններ, որոնք ընդլայնում են տնտեսական ազատության աստիճանը և, ընդհակառակը: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստեղծել մի չափման միավոր, որը թույլ կտա գնահատել աշխարհում տնտեսական ազատության մակարդակը:

Այստեղ գործում է ցուցանիշների բազմազանություն, որտեղ հաշվի են առնվում «տնտեսական ազատություն» բարդ երևույթի տարբեր կողմերը: Արդյունքում դիտվում են արդյունքների տարբերություններ.

Գծապատկեր 1. Տնտեսական ազատությունը Հայաստանում ըստ Fraser Institute-ի և Heritage Foundation-ի պատկերացումների 2022թ․

Օրինակ, հանրահայտ Fraser Institute-ի հաշվարկներով՝ 2022թ-ի դրությամբ Հայաստանը տնտեսական ազատությամբ հայտնվել է 11-րդ հորիզոնականում՝ դասվելով տնտեսապես ազատ երկրների շարքում: Հայաստանը տնտեսական ազատությամբ գերազանցել է նույնիսկ բազմաթիվ զարգացած երկրների:


Հայաստանը տնտեսապես ավելի ազատ է, քան Իսրայելը․ Հայաստանը՝ ամերիկացի տնտեսագետի աչքերով


Ցավոք, այս ցուցանիշն ամենայն հավանականությամբ լուրջ կասկածներ կհարուցի հայաստանցիների շրջանում, քանի որ նույնիսկ այն պարագայում, որ միջազգային փորձագետները գտնում են՝ Հայաստանին տնտեսական ազատության տեսանկյունից կարելի է նախանձել, մարդիկ իրենց մաշկի վրա չեն զգում այդ շոշափելի փոփոխությունը:

Fraser Institute-ի ցուցանիշի համեմատ այնքան էլ հուսադրող չէ Heritage Foundation-ի համաթիվը. Հայաստանի տնտեսությունն այստեղ համարվում է հարաբերականորեն ազատ։ Ըստ Heritage Foundation-ի՝ Հայաստանը 2022թ-ին տնտեսության ազատության համաթվով հաստատվել է 58-րդ հորիզոնականում՝ հայտնվելով ոչ թե աշխարհի զարգացած երկրների շարքերում, այլ Ադրբեջանի և Վրաստանի հարևանությամբ։

Ավելին, ըստ Heritage Foundation-ի, Հայաստանը 2023թ-ին տնտեսական ազատության համաթվով զբաղեցրել է 50-րդ հորիզոնականը, սակայն այս արդյունքը արձանագրվել է այն պարագայում, երբ տնտեսական ազատության համաթիվը 2023թ-ին 2022թ-ի համեմատ  նվազել է 0,2 միավորով՝ կազմելով 65,1 բալ։

Թեև պետք է հաշվի առնել նաև, որ վերոնշյալ երկու կազմակերպությունները տարբեր կերպ են գնահատում տնտեսական ազատության համաթիվը. մի շարք գործոնների ընտրության հարցում կան տարբերություններ, և այդ գործոնները, տնտեսական ազատության տեսանկյունից, իրենց նշանակությամբ կարող են ունենալ տարբեր կշիռներ։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով