Բարեկարգ և որակյալ ճանապարհներն ազդում են բոլորիս կենսագործունեության արդյունավետության վրա: Բարեկարգված ճանապարհներն առաջին հերթին օգնում են խուսափել ճանապարհատրանսպորտային պատահարներից (ՃՏՊ): Երկրորդը` ապահովում են թե՛ ուղևորների և թե՛ ուղեբեռների տեղափոխությունը: Լավ ճանապարները նաև ռազմական տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն: Բարեկարգված ճանապարհները նաև բարձրացնում են երկրի վարկանիշը օտարերկրյա և տեղական ներդրողների աչքին՝ բերելով միլիոնավոր դոլարներ դեպի տնտեսություն:
Ցավոք, 30 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները չկարողացան ստեղծել որակյալ ենթակառուցվածքներ, որոնցից են նաև ավտոճանապարհները: Մարզերը կարելի է շրջանցել, եթե հաշվի առնենք, որ պատկերն այս հարցում տխուր է անգամ մայրաքաղաքում: Ինչպես կարելի է զարգացնել զբոսաշրջությունը նման թերի իրավիճակում. առավել հավանական է էքստերամալ տուրիզմի զարգացումը:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ճանապարհների նման վիճակն անհարմարություններ է ստեղծում առաջին հերթին տեղի բնակչության համար: Հայերի մեծ մասը քշում են 20-25 տարվա մեքենաներ, որոնք էապես վնասվում են՝ վտանգելով կյանքեր և կանգնեցնելով մարդկանց մեծ ծախսերի առաջ:
Ուզում եք անձա՛մբ գնացեք այդ ասֆալտը լցրեք. Ավինյանը մեկ շաբաթ տվեց վարչական շրջանների ղեկավարներին
Պատահական չէ, որ Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը պահանջում է նվազեցնել Երևանում առկա ճանապարհային փոսերի քանակը: Ավինյանի կարծիքով, եթե ինչ-ինչ աշխատանքներ կատարելու համար ճանապարհը փորվել է, այն պետք է լցվի նույն օրվա ընթացքում: Շատ դեպքերում ՃՏՊ-ներ տեղի են ունենում նաև այս փոսերի պատճառով:
Անդրադառնալով ՃՏՊ-ների խնդրին՝ նշենք, որ իրավիճակը մտահոգիչ է.
Գծապատկեր 1. ՀՀ-ում արձանագրված ՃՏՊ-երի, դրանց արդյունքում զոհվածների և վիրավորների թվաքանակի փոփոխությունը 2023թ-ի հունվար-ապրիլին 2022թ-ի հունվար-ապրիլի համեմատ
Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՃՏՊ-ների թիվը 2023թ-ի հունվար-ապրիլին, 2022թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 9.1%-ով՝ կազմելով 1,286 դեպք: Վերջինիս արդյունքում զոհվածների թվաքանակն աճել է 12.4%-ով՝ կազմելով 100 մարդ, իսկ վիրավորների թվաքանակը՝ 7.3%-ով՝ կազմելով՝ 1,824 մարդ:
Նկատենք, որ այս թվերը վերաբերում են միայն 2023թ-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածին: Հետևապես իրավիճակը պահանջում է շուտափույթ լուծումներ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում