Կառավարությունը 2023 թվականին 35 միլիարդ դրամի սուբսիդավորում է իրականացնելու գյուղատնտեսական ոլորտում։ Այս մասին հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ որպես արձագանք այն դիտարկմանը, թե Հայաստոնում գյուղացին իր խնդիրների հետ մենակ է մնացել։
Ազգային ժողովի նիստի ժամանակ Քերոբյանն այս հարցի շուրջ համեմատական թվեր ներկայացրեց՝ նշելով, որ եթե դիտարկենք 2006-2010 թվականների ցուցանիշները, ապա 4 տարվա մեջ 1 միլիարդ դրամ է կազմել ընդհանուր գյուղատնտեսական աջակցությունը։
«Հիմա մենք խոսում ենք ամեն տարի 30 միլիարդ դրամի մասին։ Ես կտրականապես համաձայն չեմ այն տեսակետի հետ, որ գյուղացիները մենակ են մնացել։ Մեր ծրագրերից օգտվում են տասնյակ հազարավոր ֆերմերային տնտեսություններ»,- նշեց նախարարը
Նա ընդգծեց, որ հիմա գյուղատնտեսությունը կառուցվածքային փոփոխության է ենթարկվում. Հայաստանի ավանդական գյուղատնտեսությանը փոխարինելու է գալիս բարձր արտադրողականության գյուղատնտեսությունը, և որ վիճակագրական թվերի վրա այդ փոփոխության ազդեցությունը կերևա որոշակի ժամանակ անց։
Մինչ այդ, Քերոբյանն անդրադարձավ նաև կարկուտի պատճառով գյուղացիների կրած վնասների և դրանց փոխհատուցման մասին՝ նշելով, որ Կառավարությունն ամեն տարի սուբսիդավորում է ապահովավճարների էական մասը, որպեսզի գյուղացիները կարողանան տարբեր եղանակային ռիսկերից, այդ թվում՝ կարկուտից, ապահովագրել իրենց բերքը։
«Մենք չենք կարող այն գյուղացիներին, որոնք չեն ապահովագրել իրենց բերքը, փոխհատուցել այն ծավալով, որը պետք է ապահովագրության ընկերություններն անեին։ Դրա համար ի նախարարությունը ստեղծել է այն փաթեթը, որից պետք է օգտվեն ֆերմերային տնտեսությունները և գյուղացիները։ Եթե գյուղացիները որոշել են ավանդական մեթոդներով վարել իրենց գյուղատնտեսությունը և չապահովագրել իրենց բերքը, դա իրենց ռիսկն է…»,- ասաց Քերոբյանը՝ ընդգծելով, որ Կառավարությունը տարեցտարի կտրուկ ավելացնում է ապահովագրվող տարածքների ծավալները։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում