Ուզում եք անձա՛մբ գնացեք այդ ասֆալտը լցրեք. Ավինյանը մեկ շաբաթ տվեց վարչական շրջանների ղեկավարներին

1 Min Read

«Հարգելի գործընկերներ, արդեն որերորդ շաբաթն է՝ այս փոսալցումների մասին եմ խոսում»,  Տիգրան Ավինյանը կրկին զայրացած անդրադարձավ այս հարցին քաղաքապետարանաի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Նա ընդգծեց, որ արդեն մեկ ամիս է՝ խոսում են փոսերի խնդրի մասին, բայց այդ հարցն այդպես էլ լուծում չի ստանում։

Երևանի փոխքաղաքապետի խոսքով՝ դեռ նախորդ նիստից հետո հատուկ առանձին փակ քննարկում է կայացել վարչական շրջանների ղեկավարների, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգորյանի հետ, մինչդեռ այդ փոսերի մասին քննարկումները դեռ ակտուալ են։

«Ինչքա՞ն ասեմ փոսեր, փոսեր…Ուզում եմ հասկանալ մինչև ո՞ր ամիսն է ձգվելու։ Վարչական շրջանների ղեկավարնե՛ր, երկրորդային փողոցների փոսալցման աշխատանքները ձեր պատասխանատվությունն է, ուզում եմ հիշեցնել դա ձեզ։ Ի՞նչ չունեք, ո՞րն է խնդիրը, ո՞վ կարող է պատասխանել այս հարցին: 1 ամիս է ՝փոս չենք կարողանում լցնել քաղաքում»,-զայրացավ Ավինյանը՝ հավելելով, որ ամենապրիմիտիվ աշխատանքը չեն կարողանում նորմալ կատարել։

«Սա վերջին շաբաթն է՝ հրատապ կլինի, մեկ անձնից գնումով կլինի, ուզում եք անձամբ գնացեք այդ ասֆալտը լցրեք։ Եթե հաջորդ երկուշաբթի ևս մեկ դեպք արձանագրվեց, ինձանից չնեղանաք,- թեման եզրափակեց Ավինյանը։

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով