Մեր տնտեսական աճը, մեր պահանջարկը շարունակում է լինել ավելի բարձր, քան մեր պոտենցիալն է. ԿԲ նախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

1 Min Read

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր որոշումը կկայացնի վաղը` հունիսի 13–ին։ Այս մասին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ։

«Այսօր մեզ մոտ լռության օր է, որպեսզի ավելորդ ազդակներ չտանք շուկայի մասնակիցներին և հասարակությանը։ Վաղն արդեն մեր որոշումը կլինի։ Շատ կարևոր կրիտիկական կետին ենք հասել. երկու տարի բարձր գնաճ ունենալուց հետո մենք հիմա ունենք մի գնաճ, որը թիրախից ցածր է, ինչը պայմանավորված է հիմնականում  ներմուծվող պարենային ապրանքների գնանկումով,  նաև ընդհանուր ապրանքային խմբերի գների էական նվազումով՝ վառելիք և այլն»,– հայտարարեց ԿԲ նախագահը։

Նա ընդգծեց նաև, որ կան ծառայություններ, որոնք հիմա ունեն գնաճ, թեև տասնյակ տարիներ Հայաստանում չի եղել նման բան, օրինակ՝ վարսավիրական ծառայություններ, վերանորոգում և այլն:

Մարտին Գալստյանի խոսքով՝ գնաճի թիրախավորման հիմնական նպատակը պահանջարկի կառավարումն է։

«Այս պարագայում մի կողմից տեսնում ենք, որ գնաճի թիրախը 4 % է, մայիսին 12–ամսյա գնաճը 1.3 տոկոս է։ Մյուս կողմից, նման ոգևորող ցուցանիշներին զուգահեռ, հասկանում ենք, որ տոկոսադրույքը բարձրացնելով պահանաջարկը որոշակի զսպվել է, բայց միևնույն ժամանակ տնտեսության մեջ ավելցուկային պահանջարկ կա»,– հավելեց նա։

ԿԲ նախագահի համոզմամբ` ստացվում է` մեր տնտեսական աճը, պահանջարկը շարունակում է լինել ավելի բարձր, քան մեր պոտենցիալն է։ Ստեղծված իրավիճակում ԿԲ-ն վաղը պետք է կայացնի որոշում:

Մանրամասն՝ տեսանյութում

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով