Տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով հունիսի 11-ին Գայի պողոտայում շահագործման հանձնվեց ավտոբուսի համար առանձնացված հերթական գիծը: Այս մասին BanksNews.am-ը տեղեկանում է քաղաքապետարանի Փոփոխությունն իրականացվել է՝ հաշվի առնելով պողոտան սպասարկող հասարակական տրանսպորտի երթուղիների քանակն ու օրվա ծանրաբեռնված ժամերին տրանսպորտի երթևեկության խտությունը: Գայի պողոտայի առաջին երթևեկելի գոտիով այսուհետ կթույլատրվի երթևեկել միայն հասարակական տրանսպորտին: Փոփոխության վերահսկումը կիրականացվի տեսալուսանկարահանող սարքերով, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Աշխատանքային խորհդրակցությանը Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է փորձնական այս ծրագիրը դարձնել սկզբունք ու, հաշվի առնելով մյուս քաղաքների փորձը, փուլ առ փուլ կյանքի կոչել նախագիծը:
***
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց 5163 գրությունից շուրջ 70%-ն արդեն փակվել է: Այդ թվում՝ ինքնակամների առումով դրական եզրակացություն է ստացել շուրջ 400 գործ, որոնց վերաբերյալ պատրաստվել են քաղաքապետի որոշման նախագծեր: Զեկուցվել է, որ միայն նախորդ շաբաթվա ընթացքում փակվել կամ պատասխան է տրամադրվել 1337 գործի, կազմվել է քաղաքապետի 126 որոշման նախագիծ, մինչդեռ այս տարվա հունվար-ապրիլ ամիսների ընթացքում կազմվել էր ընդամենը 40 որոշման նախագիծ:
«Պետք է շարունակենք պահպանել այս տեմպը և մարդկանց օրենքով հասանելիք օրինականացումներն էլ պետք է ապահովենք՝ չվախենալով որևէ բանից: Մարդիկ հստակ ակնկալիք ունեն, մենք էլ օրենքով սահմանել ենք, թե այդ ակնկալիքն ինչի շրջանակում կարող է լինել: Եվ որպեսզի հավելյալ հնարավոր կոռուպցիոն սխեմաներն էլ վերացնենք, պետք է գործընթացն արագ իրականացնենք, հակառակ պարագայում կոռուպցիոն սխեմաներն ավելի լավ էին այդ միջավայրում զարգանում»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:
Համայնքային միջոցներով գնված նոր ու ժամանակակից 15 տրոլեյբուսների ամբողջական խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում դրանք ևս կսկեն սպասարկել քաղաքի բնակիչներին: Տրոլեյբուսներն ունեն 12 մետր երկարություն, ցածրահատակ են և հարմարեցված նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրահում տեղադրված են տեսախցիկներ, առկա է անլար համացանց:
***
Ամիրյան փողոցում ավարտական փուլում է օդային մալուխները գետնի տակ տեղափոխելու գործընթացը: Ծրագիրն իրականացվում է նաև Աճառյան փողոցում: Նախագծով «Երքաղլույս»-ի հենասյուներով անցնող հաղորդալարեր այլևս չեն լինի: Հանձնարարվել է ապահովել ծրագրի շարունակականությունն ու դիտարկել նաև այլ փողոցներ:
***
Համայնքը խզել է մայրաքաղաքի Էրեբունի ու Նուբարաշեն և Շենգավիթ ու Աջափնյակ վարչական շրջաններում փոսալցում իրականացնող կապալառու կազմակերպության հետ պայմանագիրը: Դժգոհություն հայտնելով աշխատանքների ընթացքից՝ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացը կազմակերպել այնպես, որ խնդիրը հրատապ լուծում ստանա:
***
Երևանյան կարևոր նախագծերն ու ծրագրերն «Ակտիվ քաղաքացի» հարթակում կդրվեն հանրային քննարկման: Հանձնարարվել է մասնավոր հատվածից ստացված առաջարկները ևս տեղադրել հարթակում, որ բնակիչներն այդ ծրագրերը ևս քվեարկելու հնարավորություն ունենան:
***
Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից շուրջ 29 հա տարածքում կնախագծվի ու կկառուցվի եվրոպական չափանիշներին համապատասխանող նոր աղբավայր: Զեկուցվել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն արդեն իրականացվել է, նախագիծը հնարավորին շուտ կյանքի կոչելու նպատակով ընտրվել է ամենանպատակահարմար տարբերակը: Հաշվետվությունը ներկայացվել է կառավարություն. հավանության արժանանալուց հետո համայնքը կդիմի ՎԶԵԲ-ին, որից հետո կմեկնարկի նախագծման փուլը: