Ծերացող Գերմանիան աշխատուժի դեֆիցիտի առաջ է. ի՞նչ է սպասվում Եվրամիության «տնտեսական շարժիչին»

2 Min Read

Գերմանիան հայտնվել է նոր մարտահրավերի շեմին. երկրում աշխատուժի քանակն աճից անցել է կրճատման: Դա սպառնալիքի տակ է դնում Եվրամիության խոշորագույն տնտեսության զարգացումը, գրում Է Bloomberg գործակալությունը ՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարական հետազոտական ինստիտուտի հետազոտությունը:

«Դարաշրջանը, որի ընթացքում քաղաքացիների կենսամակարդակը բարձրացել է աշխատուժի անշեղ աճի շնորհիվ, մոտենում է ավարտին», — փաստում են տնտեսագետները:

Եթե աշխատաշուկայում լուրջ բարեփոխումներ չձեռնարկվեն, աշխատանքային ձեռքերի կրճատումը կհանգեցնի տնտեսության աճի խաթարմանը եւ կմեծացնի գնաճային ճնշումները: Դա, իր հերթին, լուրջ խնդիրներ կառաջացնի արտադրողների համար։

Առաջիկա տասը տարում Գերմանիայի աշխատունակ բնակչության թիվը կկրճատվի 7 %-ով։ Դա երեք միլիոն մարդ է: Գործակալությունը աշխատաշուկայում դեֆիցիտի սպառնալիքից միակ փրկությունը տեսնում է երկիր միգրանտների զգալի ներհոսքի մեջ։

Ամեն տարի Գերմանիան պետք է մոտ 400 հազար մարդ ներգրավի իր աշխատաշուկայում, ու դա թույլ կտա խուսափել կադրային ճգնաժամից։

Նշվում է, որ նախորդ տարիներին բանվորների ներհոսքն ապահովել են փախստականները, սակայն նրանց միայն կեսն է կարողացել լուծել աշխատանքի տեղավորման հարցը:

Իսկ եթե երկրի ղեկավարությանը հաջողվի հասնել աշխատողների աշխատանքի արտադրողականության բարձրացմանը, ապա դա բավական է, որպեսզի տնտեսության աճը տարեկան կազմի ընդամենը  1%:

Փորձագետների կարծիքով՝ իրավիճակը կարող է փրկել արդեն թոշակի անցած քաղաքացիների աշխատանքի ներգրավումը. այժմ Գերմանիայում աշխատում է տարեցների 9 %-ից պակասը, իսկ ԱՄՆ—ում այդ ցուցանիշը հավասար է 20 %-ի, Ճապոնիայում ՝ մոտ 25 %-ի:

Այնուամենայնիվ, ոչ բոլորը կկարողանան համոզել իրենց անձնակազմին շարունակել աշխատել կենսաթոշակային տարիքի հասնելուց հետո, ամփոփում է  հոդվածագիրը:

TAGGED:
Կիսվեք այս հոդվածով