Շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը՝ խլելով հազարավոր կյանքեր և իր հետևից թողնելով ավերածություններ: Շարունակվում է ծանրանալ միջազգային մթնոլորտը՝ ստեղծելով վտանգներ երրորդ աշխարահամարտի տեսանկյունից: Արևմուտքն այս պատերազմում ակնհայտորեն աջակցում է Ուկրաինային: ՌԴ-ին սատարող պետություններ էլ կան, թեև անհամեմատ ավելի քիչ: Ընդհանուր առմամբ, ըստ միջազգային օրենքների, երկրի սուվերեն տարածքների զավթումն անթույլատրելի է, և ՌԴ-ին դեմ շատ երկրներ առաջնորդվում են հենց այս սկզբունքով: Սակայն, օրինակ, Հայաստան-Ադրբեջան հակամարտության համատեքստում ամբողջությամբ զրոյանում է այդ նույն երկրների սկզբունքն ու միջազգային իրավապաշտպան կառույցների դադերն ու առաքելությունը:
ՌԴ-ն իր հերթին ռազմական գործողությունները հիմնավորում է նրանով, որ իր հայրենակիցներին է պաշտպանում ցեղասպանությունից: Բայց տեսնում ենք, թե ռուսական և մյուս պետությունների լռելյայն համաձայնության պայմաններում ինչ է անում Ադրբեջանն Արցախում ապրող 120 հզր բնակչության հետ….
ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցրել Ուկրաինային աջակցելու հարցում
Վերադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ փաստենք, որ պատերազմը տեղափոխվել է նոր մակարդակ այն բանից հետո, երբ կամ ռուսական կամ ուկրաինական ուժերի կողմից պայթեցվեց Ուկրաինայի տարածքում գտնվող խոշորագույն ՀԷԿ-երից մեկը՝ Կախովսկի ՀԷԿ-ը՝ ստեղծելով հսկայական էկոլոգիական աղետ Եվրոպայի սրտում: Անշուշտ, այս անմարդկային արարքը դատապարտելի է:
Ռուս-ուկրաինական պատերազմը թեժանում է, քանի որ արտաքին ուժերը ցանկություն չունեն կրակը մարելու: Այդ նպատակով թե՛ ուկրաինական, թե՛ ռուսասկան կողմին օգնություն է ցուցաբերվում: Մասնավորապես, ուկրաինական կողմին 2022թ-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում ընդհանուր առմամբ օգնություն է տրամադրել 40 երկիր, իսկ օգնության ծավալներն անցել են $100 մլրդ-ը:
Առանձին երկրների մասով տարբեր ուղղություններով ՈՒկրաինային տրամադրվող օգնության ծավալները ներկայացված են ստորև.
Գծապատկեր 1. Ուկրաինային զգալի ֆինանսական, հումանիտար և ռազմական օգնություն տրամադրող առաջատար երկրները 2022թ-ի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում
Ուկրաինան չէր կարող պատերազմել, եթե չլինեին ֆինանսական աջակցությունները, որոնց մասով զգալի դերակատարում են ունեցել ԵՄ ինստիտուտները, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Կանադան: Վերջիններիս տրամադրած օգնության ծավալները կազմել են համապատասխանաբար €30 մլրդ, €15 մլրդ, €3 մլրդ և €2 մլրդ:
Պատերազմի մյուս կարևոր բաղադրիչը ռազմական օգնությունն է: Պետք է հաշվի նստել այն փաստի հետ, որ ՈՒկրաինան փաստացի պատերազմում է հզորությամբ աշխարհի երկրորդ բանակի հետ. երկիր, որն ունի միջուկային հսկայական մարտագլխիկներ: Ռազմական օգնության տեսանկյունից առաջատար է ԱՄՆ-ն, որը դիտարկվող ժամանակահատվածում տրամադրել է մոտ €23 մլրդ-ի օգնություն:
Երկրորդ հորիզոնականում է Մեծ Բրիտանիան՝ €4 մլրդ օգնությամբ:
Երրորդ հորիզոնականում են ԵՄ ինստիտուտները, որոնք ռազմական նպատակներով տրամադրել են ՈՒկրաինային €3.1 մլրդ:
Այս ցուցակը եզրափակում է Գերմանիան՝ մոտ €2 մլրդ-ի օգնությամբ:
Պատերազմի ճիրաններում հայտնված հազարավոր անմեղ մարդիկ խիստ կարիք ունեն հումանիտար օգնության: Այս հարցում առաջատարներ են ԱՄՆ-ն՝ մոտ €10 մլրդ, Գերմանիան՝ մոտ €2 մլրդ, ԵՄ ինստիտուտները՝ €1.6 մլրդ և Ավստրիան՝ մոտ €0.6 մլրդ օգնությամբ:
Ամփոփոելով պետք է փաստենք, որ աշխարհը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ՝ գրեթե բոլոր հարթություններում: Անհրաժեշտ է թողնել հետադարձի հնարավորության ինչ-որ մի կետ, որում աշխարհը նորից հնարավորություն կունենա վերսկսելու և ձևավորելու նոր հարաբերություններ, որոնք իրապես հենված կլինեն մարդու տարրական իրավունքների պահպանման վրա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում