Հայաստանի, Ղազախստանի և Հոնկոնգի բանկերը սկսել են արգելափակել ռուսական ընկերությունների վճարումները զուգահեռ ներմուծմամբ մատակարարվող պրոցեսորների, միկրոսխեմաների և այլ էլեկտրոնիկայի համար։ Այս մասին տեղեկացնում է Meduza-ն՝ հղում կատարելով «Կոմերսանտ»-ին։
Լրատվամիջոցի զրուցակիցներից մեկը նշել է, որ ռուսական ընկերությունները վերջին երկու շաբաթվա ընթացքում սկսել են բախվել արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի ծածկագրով վճարումների արգելափակմանը։ Մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ վճարումների արգելափակումը տեղի է ունենում վերջին սերնդի հեռահաղորդակցության սարքավորումների, ինչպես նաև տվյալների պահպանման ու սերվերների համակարգերի դեպքում։
Ենթադրվում է, որ վճարումների արգելափակումը կարող է կապված լինել բանկերի մտավախության հետ ԱՄՆ-ի պատժամիջոցների ցուցակում գտնվող ռուսական ընկերությունների հետ համագործակցության համար պատժամիջոցների տակ հայտնվելու վերաբերյալ։
Ըստ հրապարակման՝ ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր էլեկտրոնիկայի առնվազն 2 հայ մատակարարներ են հայտնվել ԱՄՆ-ի սահմանափակումների տակ, այդ թվում՝ Milur Electronics-ը։ ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ այս ընկերությունն աշխատել է միկրոսխեմաներ արտադրող ռուսական Milandr ընկերության հետ, որը նույնպես ԱՄՆ-ի պատժամիջոցների ցանկում է։
Լրատվամիջոցի բանկային ոլորտի աղբյուրն ասել է, որ արտասահմանյան բանկերը ՌԴ-ից վճարումները ստուգում են «ձեռքով»։
Բանկերի կողմից վերահսկողության խստացումը կարող է հանգեցնել ռուսական շուկայում նման ապրանքների պակասի։
«Արտադրող երկրից անմիջապես մասեր, պահեստամասեր, համակարգիչներ և այլ ապրանքներ գնելն անհնար է, իսկ երրորդ երկրների միջոցով գնելն աստիճանաբար ավելի դժվար է դառնում։ Այդ պատճառով կես տարուց կամ մեկ տարուց մենք կբախվենք պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների դեֆիցիտի»,- ասել է «Օպտիմալոգ» լոգիստիկ ընկերության գլխավոր տնօրեն Գեորգի Վլաստոպուլոն։
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում