ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերը իրականացվել են ոչ ամբողջությամբ: Այս մասին նշում է «ԼՈՒՅՍ»հիմնադրամը՝ ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության մեջ:
Անդրադառնալով Բյուջեի ծախսերին՝ ծրագրային դասակարգմամբ, նշվում է հետևյալը.
«2023թ. առաջին եռամսյակումառաջին եռամսյակում պլանավորված ծրագրերի շրջանակներում նախատեսված 774 միջոցառումներից ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարվել է ընդամենը 617-ը կամ 79.7%-ը: Ծախսերի կատարողականի ընդհանուր շեղումը կազմել է 130 մլրդ դրամ։ Նշված շեղումն առավելապես արձանագրվել է ՀՀ պաշտպանության (52.6 մլրդ դրամ՝ 2023թ.առաջին եռամսյակի ճշտված պլանով նախատեսված 112.3 մլրդ դրամի ծախսերի փոխարեն կատարվել են 59.7 մլրդ դրամի ծախսեր, այսինքն՝ կատարողականը կազմում է 53.2%), տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (18.4 մլրդ դրամ), աշխատանքի և սոցիալական հարցերի (11.2 մլրդ դրամ), կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (8.4 մլրդ դրամ), առողջապահության (7.7 մլրդ դրամ), ֆինանսների (5.7 մլրդ դրամ) և էկոնոմիկայի (5.0 մլրդ դրամ) նախարարությունների, ինչպես նաև ոստիկանության (6.1 մլրդ դրամ) պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերում:
Ըստ էության, ստացվում է, որ չնայած բյուջեով նախատեսվում և հատկացվում է համապատասխան գումար, սակայն ծրագրերը, միևնույն է,
ամբողջությամբ կամ մասնակիորեն չեն իրականացվում:
Պլանից առավել էական շեղում արձանագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության (թերակատարումը՝ 46.8%) և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (թերակատարումը՝ 37.0%) պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով:
Ընդ որում, բացի այն, որ խիստ ցածր է ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի
իրականացման կատարողականը, 2023 թվականի առաջին եռամսյակի փաստացի ծախսերը 12.8%-ով զիջում են նույնիսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատվությամբ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում իրականացված ծրագրերի գծով ընդհանուր ծախսերը կազմել են 31.2 մլրդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 63%-ը: Հիշատակման են արժանի այդ ծրագրերի վերաբերյալ հետևյալ փաստերը.
• Ոռոգման համակարգի առողջացման ծրագրի շրջանակներում
օգտագործվել է նախատեսված միջոցների ընդամենը 33.2%-ը:
• Ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով թերակատարումը կազմել
է 18.4%:
• Ջրամատակարարման և ջրահեռացման բարելավման ծրագրի
թերակատարումը 80.1% է:
• Քաղաքային զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է
նախատեսված միջոցների ընդամենը 15.4%-ը:
• Դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման
ծրագրի շրջանակներում չի օգտագործվել նախատեսված միջոցների
38.3%-ը:
• Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրով
ապահովվել է ընդամենը 37.4% կատարողական:
Հատկանշական է, որ իրականացվող ծրագրերի բոլոր թերակատարումների համար բյուջեի հաշվետվությունում նշված են տարբեր պատճառներ, այդ թվում՝
եղանակային վատ պայմաններ, գնման գործընթացի հետ կապված խնդիրներ, դոնորների հետ ընթացակարգային խնդիրներ և այլն: Այնուամենայնիվ, նկատի
ունենալով, որ այս խնդիրն առկա է մի քանի տարի շարունակ, հիմնավոր է այն մտավախությունը, որ պետական կառավարման համակարգում բացակայում են տնտեսության համար առանցքային ծրագրերի արդյունավետ իրականացման կարողությունները, ինչի արդյունքում, տնտեսության ներուժի տեսանկյունից կարևորագույն ծրագրերը ժամանակին չեն իրականացվում՝ վտանգելով ոչ միայն ընթացիկ, այլ նաև ապագա տնտեսական աճը և զարգացումը»: